USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Իլոն Մասկը հատուկ ուղերձ է հղել WCIT2024–ի մասնակիցներին՝ հայտնելով, որ նախատեսում է Starlink–ը գործարկել ՀՀ–ում

08.10.2024, 11:03
Մասկը հայտարարել է, որ Starlink գերարագ արբանյակային ինտերնետը կարող է լրջորեն փոխել կապի ոլորտը, հատկապես գյուղական համայնքներում
Իլոն Մասկը հատուկ ուղերձ է հղել WCIT2024–ի մասնակիցներին՝ հայտնելով, որ նախատեսում է Starlink–ը գործարկել ՀՀ–ում

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը հատուկ ուղերձ է հղել Երևանում անցկացված Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024) մասնակիցներին:

Ուղերձը հնչեցրել է Viki, Pixel Labs, ինչպես նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին պատկանող Play Time Ventures ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, Սիլիկոնյան հովտի ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմյանը: 

«Ողջունում եմ բոլորին: Ցավում եմ, որ այս անգամ չկարողացա լինել Երևանում, բայց հուսով եմ հաջորդ անգամ անձամբ ներկա գտնվել: Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ հիանալի նախագծեր իրականացնելու գաղափարով` տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց ու թափանցիկ Արհեստական բանականության զարգացում, որն էլ ավելի կընդլայնի մարդկային ճանաչողության սահմանները»,-ասված է Իլոն Մասկի ուղերձում: 

Նա նաև հաստատել է, որ նախատեսում է Starlink–ը գործարկել Հայաստանում։

«Starlink գերարագ արբանյակային ինտերնետը կարող է լրջորեն փոխել կապի ոլորտը, հատկապես գյուղական համայնքներում՝ օգնելով կրճատել թվային անհավասարությունը երկրում», – նշվում է Մասկի ուղերձում։

WCIT 2024/DigTec–ի մասին

WCIT 2024 կոնգրեսը անցկացվեց 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կ․ Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում՝ «Մտքի ուժը. արհեստական ​​բանականությունը սահմաններից այն կողմ» կարգախոսով։

Չորս օրվա ընթացքում WCIT 2024/DigiTec-ը Հայաստանը վերածեց տեխնոլոգիական մտքի կենտրոնի` դառնալով ոլորտի առաջատար բանախոսների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների հարթակ:

«ԱՌԿԱ» գործակալությունը WCIT2024–ի ինֆորմացիոն հովանավորն է։