USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+32

Թարմացված tundarc.am կայքը կպատասխանի արտերկրում գտնվող հայրենակիցների բոլոր հարցերին. Հայաստանի միգրացիոն ծառայություն

06.03.2015, 17:54
Թարմացված tundarc.am կայքը կպատասխանի բոլոր հարցերին, որոնք կարող են առաջանալ արտերկրում գտնվող հայրենակիցների մոտ, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Թարմացված tundarc.am կայքը կպատասխանի արտերկրում գտնվող հայրենակիցների բոլոր հարցերին. Հայաստանի միգրացիոն ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Թարմացված tundarc.am կայքը կպատասխանի բոլոր հարցերին, որոնք կարող են առաջանալ արտերկրում գտնվող հայրենակիցների մոտ, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Նրա խոսքերով` կայքում տեղադրված է տեղեկություն, որը վերաբերում է քաղաքացիությանը, ներկրվող ապրանքների մաքսազերծման կարգին, հայրենիք վերադարձի մասին վկայականի ստացմանը, կրթության հարցերին։

«Եթե մեր հայրենակիցն իր հարցի պատասխանը չի գտնում, ապա մեր համակարգը հնարավորություն է տալիս օգտվել երկրորդ մակարդակից։ Օգտատերը կանգնում է հաշվառման, ստանում գաղտնաբառ», – նշեց Եգանյանը։

Միգրացիոն ծառայության պետի խոսքերով` այնուհետև կայքի այցելուն իր հարցն ուղղում է համակարգին, ինչից հետո ադմինիստրատորը (Միգրացիոն ծառայության աշխատակիցը) հարցն ուսումնասիրելուց հետո պատրաստում և հարցն ուղղում է լիազոր պետական մարմիններին։

«Քաղաքացին կստանա 12 նիշից բաղկացած անհատական ծածկագիր, որը հնարավորություն է տալիս հետևել ուսումնասիրվող հայցի ընթացքին։ Օրենքով յուրաքանչյուր հայրենակից իր հարցի պատասխանը կստանա 15 օրյա ժամկետում», – նշեց Եգանյանը։

Նրա խոսքերով` երրորդ մակարդակը հնարավորություն է տալիս տեսակապի միջոցով (Skype–ով) կապ հաստատել քաղաքացու և լիազորված պաշտոնատար անձի միջև։

«Ըստ էության, երրորդ մակարդակը ստեղծված է առցանց խորհրդատվության անհատական ընդունելությունը փոխարինելու համար` նախօրոք պայմանավորվելով, թե որ օրն ու որ ժամին պետք է հաստատվի կապը», – նշեց Եգանյանն` ավելացնելով, որ համակարգն արդեն գործում է երկու ամիս, և այդ ժամանակահատվածում ստացվել է մոտ 38 հայտ, որոնք վերաբերում են տարբեր հարցերին։

Համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով։–0–