«ԱրմենՏելը» Red Bull Paper Wings 2012 հայկական փուլի հովանավոր է դարձել

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հովանավորում է թղթե ինքնաթիռների «Red Bull Paper Wings 2012» առաջնության ազգային փուլը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Մրցույթի շրջանակներում 2012թ-ի մարտի 27-29-ը Հայաստանի բուհերի ուսանողները ցուցադրեցին թղթե ինքնաթիռ պատրաստելու իրենց հմտությունները, լավագույն արդյունքներ ցուցադրած 45 մասնակից մարտի 31-ին կպայքարեն աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար:
«Տարեցտարի Red Bull Paper Wings առաջնությունը հավաքում է ավելի մեծ թվով երկրպագուներ ամբողջ աշխարհում: Առաջին հայացքից պարզ ու հասկանալի առաջադրանքները մասնակիցներից պահանջում են երկրաչափության հիմունքների, աէրոդինամիկայի և ֆիզիկայի օրենքների իմացություն: Վստահ եմ, որ մասնակիցները կցուցադրեն բարձր պատրաստվածություն և կստանան դրական լիցքեր և անմոռանալի տպավորություններ», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Red Bull Paper Wings 2012» համաշխարհային առաջնության շրջանակում թղթե ինքնաթիռների մրցումների ազգային փուլն անցկացվում է 3 դասերում` «թռիչքի հեռավորություն», «թռիչքի տևողություն» և «աէրոբատիկա»:
Ընտրական փուլերն անցկացվեցին երեք օրերի ընթացքում՝ մարտի 27-ին` Երևանի Պետական Համալսարանում, մարտի 28-ին` Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում և մարտի 29-ին` Պետական Տնտեսագիտական Համալսարանում: Յուրաքանչյուր փուլում լավագույն արդյունքներ ցուցադրած 15 ուսանող անցան ազգային եզրափակիչ և մարտի 31-ին կպայքարեն Աշխարհի առաջնության 3 ուղեգրերի համար:
«Red Bull Paper Wings» առաջին մրցույթն անցկացվել է 2006 թվականից, դրան մասնակցել է 9500 ուսանող 45 երկրներից: Իսկ արդեն երեք տարի անց, երկրորդ առաջնության շրջանակներում, Ավստրիայում անցկացված եզրափակչին մասնակցել են ավելի քան 85 երկրների ներկայացուցիչներ: -0-