USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Բրիտանական ֆիլմերի փառատոն է անցկացվում Հայաստանի մարզերում

11.03.2014, 17:12
«ԱրմենՏել» ընկերությունն ու Բրիտանական խորհուրդը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին, որն անցնում է փետրվարի 22–ից մարտի 16–ը։

Բրիտանական ֆիլմերի փառատոն է անցկացվում Հայաստանի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունն ու Բրիտանական խորհուրդը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին, որն անցնում է փետրվարի 22–ից մարտի 16–ը։

2014 թվականի մարտ ամսվա ընթացքում Գավառի, Գորիսի և Գյումրու բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների լավագույն աշխատանքների հետ:

Այս տարի բրիտանական ֆիլմերի փառատոնը նվիրված է ֆիզիկական սահմանափակ կարողություններով մարդկանց ներառական և հաղորդակցային արդի խնդիրներին։

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի խոսքերով` Բրիտանական ֆիլմերի փառատոնն իր ծավալով և միջոցառումների ընդգրկուն քանակով չէր կարող չընդգրկել նաև մարզերը։

«Մեզ համար առաջնային է մեր ծրագրերում ներգրավել նաև մարզային հանդիսատեսին։ Կարևոր է չսահմանափակվել մոտակա մարզերով, այլև ներկայանալ հեռավոր քաղաքներում», –  ասել է նա։

Ինչպես նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, «ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն մարզերի հավասարաչափ զարգացմանը և կդարձնեն կյանքն ավելի լավ։

«Մենք չափազանց կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալ բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և հիշարժան գործերի  հետ, քանի որ այս ամենն էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը», – ասել է նա։

Մարտի 5-7-ը ֆիլմերը ցուցադրվել են Գավառում, իսկ մարտի 10-ից ցուցադրությունների շարքը սկսվել է արդեն Գորիսում:

Փառատոնի վերջին կանգառը կլինի Գյումրիում, ուր ֆիլմերը կցուցադրվեն մարտի 14-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից Մեծ Բրիտանիայի, ՅՈՒՆԻՍԵՖ–ի և «ԱրմենՏել» ՓԲԸ–ի աջակցությամբ կազմակերպած բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում ծրագրված է վերջին տարիներին բրիտանացի կինեմատոգրաֆիստների ստեղծած ինը ֆիլմերի ցուցադրություն։

Փառատոնը մեկնարկել է փետրվարի 22–ին «Մոսկվա» կինոթատրոնում «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությամբ, որը ստեղծվել է Ջոնաթան Սմիթի վեպի հիման վրա։ Կինոնկարները ցուցադրվում են անգլերենով` հայերեն ենթագրերով Երևանի «Մոսկվա», «Նաիրի» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Փառատոնի շրջանակներում անցկացվել է ավանդական լավագույն գրախոսականի մրցույթը, որի հաղթողը ստացել է iPad Air պլանշետ։–0–