USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

«Հայփոստը» շահել է «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակը

14.10.2019, 15:35
Հայաստանի ազգային փոստային օպերատորը հաղթել է 2019 թվականի նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում և արժանացել առաջին մրցանակին:
«Հայփոստը» շահել է «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային փոստային օպերատորը հաղթել է 2019 թվականի նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում և արժանացել առաջին մրցանակին: Հանրային քվեարկության միջոցով անցկացված մրցույթում «Հայփոստին» հաջորդում են «Թուրքիշ Փոստը» և Ֆինլանդիայի «Փոստ Գրուպ Քորփորեյշնը»: Այդ մասին հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Մրցանակը Հայաստանի փոստի ներկայացուցչին հանձնվեց Միացյալ Թագավորության Նորմանդյան Կղզիների Ջերսի քաղաքում, «Փոստեվրոպայի» միջազգային լիագումար համաժողովի շրջանակներում, որին մասնակցում էին 52 Եվրոպական երկրների փոստային ոլորտի 150 ղեկավարներ և պրոֆեսիոնալներ:

«Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Այս տարվա մրցույթի թեման «Ազգային թռչյուններ»-ն էր և ուղղված էր բնության պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Առցանց մրցույթը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 9-ից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հայաստանը մասնակցում էր փոստային նամականիշով, որն ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում:

Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ»-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:

Ֆիլատելիստական փորձագետներից կազմված ժյուրիի մրցանակը այս տարի տրվեց Սլովենիայի փոստին:

«Հայփոստը ևս մեկ անգամ հաստատում է հայկական ֆիլատելիան աշխարհին ներկայացնելու և հայկական նամականիշերի դիրքը միջազգային ֆիլատելիստական շուկայում ամրապնդելու իր առաքելությունը», - նշում են Հայփոստից:

Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում: -0-