USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Երկլեզու պատկերագրքի և ֆիլմի շնորհանդես` «Պատասխան` 100 տարի անց» համալիր ծրագրի շրջանակում

24.04.2016, 13:41
Պատրաստվել է նաև 2015թ. հունիսին Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության մասին պատմող «Մենք կգանք» տեսաֆիլմը, որտեղ առաջին անգամ կհնչի հայի և Վանա լճի հանդիպումը ներկայացնող համանուն երգը։
Երկլեզու պատկերագրքի և ֆիլմի շնորհանդես` «Պատասխան` 100 տարի անց» համալիր ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը։

Պատրաստվել է նաև 2015թ. հունիսին Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության մասին պատմող «Մենք կգանք» տեսաֆիլմը, որտեղ առաջին անգամ կհնչի հայի և Վանա լճի հանդիպումը ներկայացնող համանուն երգը` սփյուռքահայ երաժիշտներ Սիպիլի և The Beautified project խմբի կատարմամբ։

Պատկերագիրքը ներառում է Հայոց ցեղասպանության տարիներին գրված անպատասխան տասը նամակ, 100 տարի անց հայ և օտարազգի անվանի գործիչների՝ դրանց ուղղված պատասխան–արձագանքներ՝ նամակներ և կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր և արխիվային լուսանկարներ։

Պատկերագրքի երկրորդ բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վավերագրերի թեմաներով «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի աշխատանքների մրցույթի լավագույն քսան վավերաքանդակներն ու վավերանկարները։

«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի գաղափարի և «Մենք կգանք» ստեղծագործության հեղինակը համալիր ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանն է: Պատկերագրքում ընդգրկվել են մեկ տասնյակից ավելի հեղինակների աշխատանքներ` թեմատիկ հոդվածներ և մտորումներ: «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի և «Մենք կգանք» տեսաֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Շնորհանդեսի պատվավոր հյուրերի շարքում էին Տիգրան Մանսուրյանը, Սերժ Ավետիքյանը, Հասմիկ Պապյանը, Վերժինե Սվազլյանը և ուրիշներ: Առանձին ելույթներից բացի, շնորհանդեսի ժամանակ անվանի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը կարդացել է Հայոց ցեղասպանության նահատակ հայ մտավորական գործիչ Գարեգին Խաժակի վերջին ճառը, որով նա հրաժեշտ է տվել իր բանտակից ընկերներին` անխուսափելի մահապատժից առաջ: Այնուհետև տեղի է ունեցել պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողություն, որից հետո ցուցադրվել է «Մենք կգանք» տեսաֆիլմը: Նույն օրը ցուցադրվել է «Անցյալը` ներկայում» կերպարվեսի մրցույթի մասնակիցների` Արևմտյան Հայաստանը ներկայացնող էսքիզների հավաքածուն, որը նույնպես ներառված է «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում:

«Մարդկության դեմ իրագործված վայրագության՝ Հայոց ցեղասպանության մասին աղաղակող յուրաքանչյուր վկայություն քաղաքակիրթ աշխարհին ներկայացվող ուղերձ է. լինի դա նամակ, լուսանկար, հոդված, թե՝ գիրք: Այսօրինակ ծրագրերով մենք ոչ միայն մեր՝ սերունդների պարտքն ենք կատարում անմեղ նահատակների առջև, այլև ձգտում ենք կանխել հրեշավոր դեպքերի կրկնությունը՝ որևէ ազգի նկատմամբ: Համոզված եմ, որ քաղաքական շահերի թակարդում հայտնված որոշ երկրներ տարիներ անց ստիպված կլինեն «նահանջել» այդ փաստերի ծանրության տակ և խախտել հարյուրամյա լռությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:  -0-