USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Հրեշտակ ներդրողներ կժամանեն Հայաստան BANA Angels-ի և WCIT 2024/DigiTec-ի համագործակցության շնորհիվ

30.09.2024, 12:14
Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) և BANA Angels-ը փոխըմբռնման հուշագիր (MoU)  ստորագրեցին
Հրեշտակ ներդրողներ կժամանեն Հայաստան BANA Angels-ի և WCIT 2024/DigiTec-ի համագործակցության շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) և BANA Angels-ը փոխըմբռնման հուշագիր (MoU) ստորագրեցին, համաձայն որի 2024 թվականի Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, Հայաստանում կանցկացվի Investor Tour (Ներդրողների այց)։

Այս միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ոչ միայն կմասնակցեն կոնֆերանսին, այլև կծանոթանան հայաստանյան ստարտափ էկոհամակարգին, ընկերություններին։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը ստորագրեցին հուշագիրը՝ հայտարարելով այս մասշտաբային իրադարձության մասին, որը հայկական ստարտափներին ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ բացահայտելու ֆինանսական նոր հնարավորություններ և շուկաներ։

Միջազգային ներդրողների ներկայությունը կարող է էականորեն բարձրացնել հայկական ստարտափների ճանաչումը համաշխարհային մակարդակում՝ խթանելով նորարարությունը և նոր գործընկերությունների ստեղծումը։ Սա ոչ միայն կօգնի ստարտափներին ընդլայնել իրենց գործուներության աշխարհագրությունը, այլև կապահովի նրանց մրցունակությունը միջազգային շուկայում՝ ստեղծելով կայուն տնտեսական զարգացում ՏՏ ոլորտում։

«Մեր համագործակցության թիրախում միջազգային ներդրողներն են, ովքեր կժամանեն Հայաստան WCIT2024/DigiTec-ի օրերին՝ տեղական ստարտափների հետ հանդիպելու և համագործակցության ուղիներ քննարկելու նպատակով։ Այն ոչ միայն կարևոր է Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու, այլև միջազգային ներդրողների և տեղական ստարտափների միջև կայուն մասնագիտական կապեր ձևավորելու համար։ Այս պահին մենք արդեն ունենք մեծ թվով հայտեր ներդրողներից, որոնցից շատերը Հայաստան են այցելեու առաջին անգամ։ Սա նաև հնարավորություն է ցուցադրելու Հայաստանի հարուստ ժառանգությունը և ժամանակակից մշակույթը։ Ներդրողների այցի շրջանակում նախատեսել ենք նաև էքսկուրսիաներ պատմական տեսարժան վայրեր, տեղական ուտեստների համտեսներ և մասնակցություն ավանդական տոնակատարությունների»,- ասաց BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։

Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Ներդրողների այցը նպատակ ունի միջազգային ներդրողներին ծանոթացնելու հայկական առաջատար ստարտափների հետ, նպաստելու փոխգործակցությունների և կապերի ձևավորմանը։ Այս իրադարձության շնորհիվ նախատեսվում է ներդրումների հոսք ապահովել դեպի Հայաստան և հայաստանյան ստարտափ ընկերություններ։ Միջազգային ներդրողները կայցելեն Հայաստանի ամենահաջողակ տեխնոլոգիական ընկերություններ, ձեռներեցների հետ կքննարկեն համագործակցության հնարավորություններն ու կուսումնասիրեն տարածաշրջանի աճը խթանող նորարարական նախագծերը։

«Շատ ուրախ ենք այս համագործակցության համար, քանի որ այն ոչ միայն կնպաստի հայկական ՏՏ ոլորտի զարգացմանը, այլև դրա միջազգայնացման և հանրայնացման գործում անգնահատելի դերակատարում կունենա։ Հայկական տեխնոլոգիական ոլորտը ԱՏՁՄ-ի առաջնահերթություններից է, այս համագործակցությամբ հնարավորինս շատ «Հրեշտակ ներդրողներ» կժամանեն Հայաստան, ինչը կնպաստի տեղական ստարտափների զարգացմանը՝ տրամադրելով նոր ֆինանսական ռեսուրսներ, փորձագիտական խորհրդատվություն և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորություններ»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին, Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

-     ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,

-     ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ,

-     Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,

-      խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:

BANA Angels-ի մասին. BANA Angels-ի մասին

BANA Angels-ը հիմնադրվել է 2017 թվականին։ Այն Հայաստանում առաջին և ամենաակտիվ հրեշտակային ցանցն է, որն առանցքային դեր ունի հայկական ստարտափ էկոհամակարգի համար՝ ավելի քան 31 դինամիկ ստարտափների պորտֆոլիոյով: Աչքի ընկնող ստարտափներից են Podcastle-ը (Series A-ն՝ Mosaic Ventures-ի գլխավորությամբ), 10Web-ը (Sierra Ventures-ի և AI Fund-ի կողմից աջակցությամբ) և EasyDMARC-ը (Series A-ն՝ Radian Capital-ի գլխավորությամբ):

BANA Angels-ի թիմը համատեղ ներդրումներ է կատարում այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Sierra Ventures-ը, Point Nine-ը, Berkeley SkyDeck-ը, RTP Global-ը և Mosaic Ventures-ը՝ ապահովելով, որ ստարտափները մուտք ունեն դեպի հզոր և ընդարձակ ցանց          

WCIT/DigTec-ի մասին

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:                 

ԱՏՁՄ-ի մասին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։

Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։        

ԴիջիԹեք-ի մասին

«ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի ամենալայնածավալ տեխնոլոգիական ամենամյա ամենալայնածավալ միջոցառում է, որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։