USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 13-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները

25.10.2018, 18:29
Միկրոէլեկտրոնիկայի հերթական՝ 13-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում:
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 13-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միկրոէլեկտրոնիկայի հերթական՝ 13-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: 

Մրցույթին մասնակցող երկրների աշխարհագրությունն այդ փուլում ևս եղել է ներկայանալի. 38 մասնակից՝ 18 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից,  Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Իրանից,  Հայաստանից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից, Վրաստանից, Ուկրաինայից և Ուրուգվայից: 

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ հանդիսավոր երեկոյի ընթացում։ Առաջին մրցանակակիր է դարձել Միլոշ Սրպսկոն՝ Սերբիայից։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Յե Դինգը՝ Գերմանիայից։ Երրորդ մրցանակին արժանացել է Ֆաբիան Տորրեսը՝ Ուրուգվայից։ 

2006 թ.-ին Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկած օլիմպիադան բացահայտում և ոգևորում է մինչև 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետներին, կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացմանը՝ Հայաստանում և մասնակից երկրներում: Այն երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ՝ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաև օգնում բացահայտել երիտասարդ մասնագետների՝ ոլորտին առնչվող գիտելիքների մակարդակը՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով: 

Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 342 երիտասարդ, 22 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս,  Բրազիլիա, Գերմանիա, Եգիպտոս, Էկվադոր, Թաիլանդ, Իրան, Կոլումբիա, Կոստա-Ռիկա, Հայաստան, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ, Վրաստան, Ուկրաինա, Ուրուգվայ և Ֆիլիպիններ: Առաջին փուլի 342 մասնակիցներից 88-ը ներկայացրել են մեր երկիրը: 

«Ապագան գիտությունը գնահատող սերնդինն է: Այդ ճանապարհն ընտրած երիտասարդությունն իր հաջողությամբ նպաստում է նաև երկրի տնտեսության զարգացմանը: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած երիտասարդների համար ստեղծվել է գաղափարների մրցակցության յուրօրինակ հարթակ: Ուզում եմ անել կարևոր ևս մեկ դիտարկում. այսպիսի հանդիպումները զուտ մրցույթ չեն: Վստահ եմ, որ միմյանց հետ հաղորդակցվող բանիմաց ու խելացի երիտասարդներից շատերը ապագայում նաև գործակցության կամուրջ են ստեղծելու երկրների միջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է այն գործակցության համար, որի հիմքում ստեղծագործ մտքի առողջ մրցակցությունն է»,- ասել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հաղորդում է ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը։ 

Այս տարի ևս օլիմպիադայի մրցութային ծրագրում ընդգրկվել են հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում: 

Արդեն յոթ տարի, օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

«Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։ 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:–0–