USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանում կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի պատվին նամականիշ է մարվել

14.07.2017, 17:28
«Ոսկե ծիրան» միջազգային XIV կինոփառատոնի շրջանակում հինգշաբթի տեղի է ունեցել Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշի մարումը։
Երևանում կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի պատվին նամականիշ է մարվել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ոսկե ծիրան» միջազգային XIV կինոփառատոնի շրջանակում հինգշաբթի տեղի է ունեցել Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշի մարումը։

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 9-16–ը «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկում» խորագրի ներքո։

«Ես այս իրադարձությունն առանձնահատուկ եմ կարևորում, քանի որ Համո Բեկնազարյանը մեզ համար բարության, ճիշտ հարաբերությունների և հայրենասիրության քարոզիչ է դարձել։ Այս նամականիշի մարմամբ մենք գործուղում ենք մեր մշակութային դեսպանին աշխարհի ամենատարբեր անկյուններ, որպեսզի մարդկանց պատմենք մեր կինոյի մասին»,– միջոցառման ընթացքում ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։


Նամականիշի վրա պատկերված է Բեկնազարյանի դիմանկարը։ Նամականիշի աջ կողմում կինոժապավենի մեջ պատկերված են հատվածներ առաջին հայկական համր ֆիլմից՝ «Նամուս»-ից, և առաջին հնչյունային ֆիլմից՝ «Պեպո»-ից: Նամականիշի խորապատկերին պատկերված է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարբերանշանը։

Նամականիշի նոմինալ արժեքը 170 դրամ է։ Նամականիշի չափը` 50х30 մմ։ Նամականիշի դիզայնի հեղինակներն են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Դավիթ Դովլաթյանը և Վահագն Մկրտչյանը: Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը տպագրված նամականիշը թողարկվել է 40 հազար օրինակով։-0-