Հայկական բանակը պետք է օգտագործի ՏՏ հարուստ ներուժը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական բանակը պետք է օգտագործի Հայաստանի ՏՏ հարուստ ներուժը, ասել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
«Պատերազմը դուրս է եկել նոր տեխնոլոգիական մակարդակի վրա: Երկու կողմերն էլ անօդաչու սարքեր են կիրառել: Ընդ որում, մեր կորուստները հիմնականում պայմանավորված են եղել հակառակորդի կողմից հենց դրոների կիրառմամբ», - ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, անհրաժեշտություն է ծագել վերանայելու հայկական բանակի սպառազինման սկզբունքները:
«Սմերչի» մեկ կրակոցն արժե 1,5 մլն դոլար: Ընդ որում, այն միշտ չէ, որ արդյունավետ է: Մինչդեռ ռադիոէլեկտրոնային սպառազինությունը շատ արդյունավետ է և հակառակորդի համար մեծ վտանգ է ներկայացնում», - ասաց Մարտիրոսյանը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–