Հայաստանում Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպեցին Պեչա-կուչա երեկո «Friends with Technology» վերնագրով
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպեցին Պեչա-կուչա երեկո «Friends with Technology» վերնագրով, որի ընթացքում տարբեր ոլորտերի փորձագետներ և ստարտափների հիմնադիրներ ներկայացրեցին և քննարկեցին տեխնոլոգիաների դերն ու ապագան մեր կյանքում, հայտնում ընկերության մամուլի ծառայությունը։
Միջոցառման ընթացքում խոսնակները քննարկեցին, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ձևավորում ժամանակակից կրթությունը, ինչպիսին է լինելու հեռահաղորդակցության ոլորտն ապագայում, բացահայտեցին թվային պատումի ներուժը զարգացման ոլորտում, փառատոնային ոլորտի նորարարությունները։
«Այսօր տեխնոլոգիաները և ինտերնետը մեր կյանքի և կենցաղի անբաժան մասն են կազմում, ու հեռահաղորդակցության կազմակերպությունների, տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է պետք զարգանալ և աշխատել, որպեսզի հաճախորդներին նոր, հարմար և 21-րդ դարի պահանջներին համապատասխանող ծառայություններ տրամադրեն», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Տեխնոլոգիական նորարարություններն այլևս անբաժանելի մասն են կազմում ցանկացած ոլորտի, լինի մշակույթ, կրթություն, տնտեսություն, հեռահաղորդակցություն թե հասարակական ծառայություններ։ Ցանկացած խնդիր ներկայումս կարող է ունենալ իր տեխնոլոգիական լուծումը, և նմանատիպ հանդիպումները կարող են հիանալի գաղափարներ տալ երիտասարդ ձեռներեցներին»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Միջոցառումը կազմակերպվեց պրոդուկտի մշակման ճամբարի/product bootcamp/ շրջանակում, որն ուղղված է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը և նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին մենթորության տրամադրմանը։
Նշվում է, որ պրոդուկտի մշակման ճամբարի հաղթող երկու թիմերը՝ Festberg և Rendchain-ը երեկոյի ընթացքում ներկայացրեցին ճամբարի ընթացքում մշակած իրենց նոր պրոդուկտները։ Festberg թիմի մշակած հավելվածը նախատեսված է կինոփառատոնների համար և նոր փորձառություն կբերի այս ոլորտ՝ կինոսիրահարների և փառատոնների կազմակերպիչների գործունեությունը դարձնելով ավելի արդիական և արդյունավետ։ Rendchain թիմի անդամները միջոցառման ընթացքում ներկայացրեցին, ինչպիսին է լինելու տեխնոլոգիական աշխարհն առանց սերվերային դարաշրջանի։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–