Օպերատորները պատկերացրել են, թե ինչ տեսք կունենա 5G–ն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Բարսելոնայում անցկացվող Համաշխարհային տեղեկատվական կոնգրեսի ժամանակ խոշորագույն օպերատորների մեծամասնության կողմից (որոնց թվում է Vimpelcom միջազգային կոնցեռնը) ստորագրված հայեցակարգը նկարագրում է, թե ինչ տեսք կունենա տելեկոմների աշխարհը 2020 թ.–ից հետո` հինգերորդ սերնդի ցանցերի գործարկումից հետո, հաղորդում է Փրայմը։
Հեղինակներն «ընկել են» երևակայության գիրկը` նկարագրելով լայնաշերտ կապի հնարավորությունները`վիրտուալ իրականության սաղավարտների օգտագործմամբ տեսահամաժողովներից և ինքնաշարժ ավտոներից մինչև խելացի հագուստ, որը հետևում է տիրոջ առողջությանը։
Ամենահաս ինտերնետ
Next Generation Mobile Networks (NGMN) դաշինքի կայքէջում հրապարակված փաստաթղթի հեղինակների կողմից առաջարկվող հիմնական հայեցակարգը դարձել է լայնաշերտ ինտերնետի հասանելիությունն ամենուր, օրինակ` ինքնաթիռում։ Հիմա արդեն մի քանի ավիաընկերություններ առաջարկում են նման ծառայություն, 2020 թ.–ից հետո այն նորմա կդառնա, կարծում են փորձագետները։ Հիմա օպերատորներին շահավետ է զարգացնել սակավաբնակ տեղանքներն ու ցանցեր տեղադրել ցածր բաժանորդավճար ունեցող երկրներում։
5G ցանցերի տեխնոլոգիական կատարելագործումը, ճկունությունն ու մասշտաբայնությունը թույլ կտան ապահովել հուսալի և արագ կապ երկրագնդի ցանկացած կետում։ Դրա համար օպերատորներին անհրաժեշտ կլինեն նոր լուծումներ, որոնք թույլ կտան իրական ժամանակի ռեժիմում վերակարգավորել ցանցի պարամետրերը` կախված ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև անհրաժեշտ կլինեն նոր տեսակի բազային կայաններ` գերհզորներից մինչև չափազանց փոքր։
Սկզբունքորեն նոր գաղափարների թվում է շարժական hot-spot–երի ստեղծումը, որոնք կարող են ինքնուրույն տեղաշարժվել քաղաքում` սպասարկելով մեծ թվով շարժական բաժանորդների։
Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ մշակումների գործում տնտեսելու համար օպերատորներն ու սարքավորումների արտադրողները պետք է միավորվեն` կազմելով դաշինքներ, որոնց շրջանակում պետք է լուծումներ ներկայացնեն։ Մասամբ դա կարող է տեղի ունենալ ինչպես ծրագրային ապահովման արդյունաբերության դեպքում է` բաց գաղտնաբառով, երբ յուրաքանչյուր մարդ կարող է օգտագործել և մոդիֆիկացնել գաղտնաբառի տարրերը։ Ինտերնետ ծածկույթի ընդլայնումը, նոր ծառայությունների գործարկումը, որոնք մեծ թողունակություն են պահանջում, կարող են հանգեցնել տրաֆիկի աճին և էներգիայի սպառման համամասնական աճին։ Այս իրավիճակում ցանցային ենթակառուցվածքը կարող է շահութաբեր մնալ միայն էներգախնայող լուծումների և էներգիայի այլընտրանքային աղբյուների լայն օգտագործման դեպքում։–0–