USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+34

Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն

04.10.2023, 17:37
«Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները
Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը։

Այսպիսով, «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։

«Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կապ ունենալու կենսական անհրաժեշտությունը`մենք, «Ղարաբաղ Տելեկոմի» մեր գործընկերների հետ համագործակցելով, տեղահանության հենց սկզբից կարողացել ենք տրամադրել անվճար ինտերնետ և հեռախոսակապ: Այս ամբողջ ընթացքում նրանք միայն ցանցի փոփոխությամբ կարողացել են ստանալ լիարժեք կապ։ Այս որոշումը շատ կարևոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները և մյուս`տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Տեղեկացնում ենք, որ արցախցիների համար հատուկ մշակված սակագնային փաթեթներից օգտվելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում (SIM քարտերի արդիականացում և այլն) պետք է մոտենալ Team-ի ցանկացած մասնաճյուղ։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։-0-