USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+34

ՏՏ ոլորտում հմտանալու իրական հնարավորություն՝ Վիվա-ՄՏՍ-ում

06.09.2023, 17:39
Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում
ՏՏ ոլորտում հմտանալու իրական հնարավորություն՝ Վիվա-ՄՏՍ-ում
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն….
Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:

Ինչպես հաղորդում է Վիվա-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը, արդեն 8 տարի՝ 2015 թվականից, Վիվա-ՄՏՍ-ի՝ «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի շնորհիվ, Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, տարիների փորձ և հիմնարար գիտելիքներ են ստանում աշխատաշուկայում դիրքավորվելու համար:

Դա կարևոր առավելություն է թե´ գործատուի, թե´ աշխատանք փնտրողի համար: Ցանկացած ոլորտում աշխատանքի անցնելու և հաջողված մասնագետ լինելու համար պահանջվում է ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման մեկնարկային հնարավորություն:

«Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն մասնակցության հավասար հնարավորություններ է տալիս մայրաքաղաքում և մարզերում բնակվող ուսանողներին:

Անհատական մենթորների աջակցությամբ և խորհուրդներով, երկամսյա ժամանակահատվածում, «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի մասնակիցները սովորել են աշխատել տվյալների հավաքագրման, մշակման և բազաների կառավարման գործիքների հետ: Առաջադրանքներն իրականացրել են՝ օգտագործելով Microsoft SQL Server-ի (Մայքրոսոֆտ Էս-Քյու-Էլ սերվերի) գործիքակազմը:

Ծանոթացել են աշխարհագրական տեղորոշման ոլորտում կիրառվող մեթոդներին և գործիքներին, Python (Փայթոն) ծրագրավորման լեզվով կատարել են ներբեռնում տարբեր վեբ-քարտեզներից:

Ուսանողները խորացրել են C# (Սի շարփ) լեզվով զուգահեռ և ասինխրոն ծրագրավորման հմտությունները, ինչպես նաև սովորել ASP.NET տեխնոլոգիայով վեբ-ծրագրավորում: Ծանոթացել են նաև աջակցության գործիքներին՝ համակարգչային իմացությանը, օպերացիոն համակարգերի տեղադրմանն ու մալուխների կառավարմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) հոսքի ուսանողներն արժեքավոր ձեռքբերում են համարում հատկապես այս ոլորտում տեսական գիտելիքները գործնականով հարստացնելը: Կա այն համոզմունքը, որ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է ապահովում տարբեր ոլորտների առաջընթացը:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի՝ Վիվա-ՄՏՍ-ի 17-ամյա փորձի արդյունքում կուտակված գիտելիքները կարևոր հաղթաթուղթ կարող են լինել ծրագիրն ավարտած ուսանողների համար՝ կյանքի հետագա փուլերում: Դրանք համընդհանուր գիտելիքներ են՝ կիրառելի ոչ միայն տելեկոմ, այլև ՏՏ այլ ճյուղերում:

Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների է մասնակցել տարբեր բուհերի 22 ուսանող: Նրանք մասնագիտական փորձ են ձեռք բերել ՏՏ և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում:

Կրթական ծրագրի բազմազանությունը երկու հոսքերի պրակտիկանտներին թույլ է տվել ուսումնասիրել և զարգացնել հեռահաղորդակցության ոլորտում թե´ նեղ մասնագիտական, թե´ ընդհանուր գիտելիքները:-0-