Հայաստանը ձգտում է դառնալ ՏՏ ոլորտի կարևոր տարածաշրջանային հանգույց․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերջին հինգ տարիների ընթացքում սա երկրորդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), որն արտացոլում է հանրապետության հավակնությունները՝ դառնալու կարևոր տարածաշրջանային հանգույց և ՏՏ կենտրոն: Այս մասին WCIT-2024-ի բացումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Երեք օր անընդմեջ Հայաստանը կդառնա տեխնոլոգիական քարտեզի էպիկենտրոնը։ Մենք կբացահայտենք արհեստական բանականության հնարավորությունները մարդկության և տեխնոլոգիական ոլորտի համար, որոնք կոչված են կատարել հեղափոխություն և փոխել մեր կյանքը։ Վստահ եմ, որ WCIT –ը կդառնա կարևոր հարթակ»,- ասաց Հայրապետյանը։
WCIT-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը բոլորին հրավիրեց եռօրյա ճամփորդության՝ անդրադառնալու արհեստական բանականությանը և դրա իրականացմանը:
«Զարմանալի ճամփորդություն է լինելու մեզ համար։ Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար, քանի որ Հայաստանի համար մեծ պատիվ է երկրորդ անգամ հյուրընկալել նման կարևոր միջոցառում»,- ասաց Կարապետյանը՝ հիշեցնելով, որ առաջին անգամ այն տեղի է ունեցել 2019թ. –ին։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար Ալեքսանդր Եսայանը նշեց, որ WCIT-ը հայկական ընկերությունների համար լավ հնարավորություն է միջազգային կապեր հաստատելու նպատակով։
Նորարարության, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ, դոկտոր Շան Սիան խոստովանեց, որ Երևանն իր համար լի է հիշողություններով, քանի որ նա այստեղ է եղել հինգ տարի առաջ։
«28-րդ WCIT-ը հիանալի իրադարձություն կլինի արհեստական բանականության մասին խոսելու համար: Երկրները մրցում են այս գավաթի համար, դա կարևոր գավաթ է: Մենք պետք է խթանենք արհեստական բանականության ճիշտ օգտագործումը: Դա մի փոքր վախեցնում է, բայց ապագայի կարևոր տեխնոլոգիա է», - ասաց Սիան:
Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը հույս հայտնեց, որ Հայաստանը շուտով առաջնորդող աստղ կդառնա ՏՏ ընկերությունների համար, քանի որ երկիրն ունի մեծ, բայց դեռ չբացահայտված ներուժ։ «Եկեք միասին պատկերացնենք, թե աշխարհն ուր է շարժվում ընկերություններին ուղղորդելու համար»,- առաջարկեց Եսայանը։
WCIT 2024/DigTec–ի մասին
WCIT 2024 կոնգրեսը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կ․ Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում՝ «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ» կարգախոսով։ Միաժամանակ «Մերիդիան» էքսպո կենտրոնում կանցկացվի DigiTec ամենամյա ՏՏ ցուցահանդեսը։ Երկու տարածքների միջև կերթևեկեն հատուկ շաթլներ։
Չորս օրվա ընթացքում WCIT 2024/DigiTec-ը Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի` դառնալով ոլորտի առաջատար բանախոսների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների հարթակ: Նախատեսվում է անցկացնել WITSA World Cup մրցույթը մոտ 20 երկրներից ընտրված ստարտափերի միջև, կանցկացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։
Կոնգրեսի մասին
Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը WCIT2024-ի ինֆորմացիոն հովանավորն է։