Beeline-ի և Թումոյի համագործակցությունը պատանիներին կրթական նոր հնարավորություններ է տալիս

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Beeline-ի համագործակցությունն արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստան է բերում միջազգային առաջատար մասնագետների՝ Թումոյի ուսանողների համար բացառիկ կրթական հնարավորություններ ստեղծելով։ Համագործակցության արդյունքում այս տարի ևս Թումո կենտրոններում անցկացվեցին աշխատարաններ՝ կարճատև և ինտենսիվ կրթական ծրագրեր,մեքենայական ուսուցման, վեբ ծրագրավորման, 3D մոդելավորման, ռոբոտաշինության և այլ ոլորտներում, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը:
«Beeline-ի ու Թումոյի համագործակցության արդյունքում 100-ից ավելի ուսանողներ մասնակցեցին աշխատարանների` ստեղծելով ու զարգացնելով տեխնոլոգիաների ոլորտի իրական նախագծեր: Beeline-ի աջակցությամբ իրականացված աշխատարանները մեր պատանիների համար ևս մեկ հնարավարություն են առաջատար մասնագետների հետ աշխատանքի արդյունքում ձեռք բերել գործնական հմտություններ արդիական ոլորտներում։ Համագործակցության այս ֆորմատը Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների հետ արդյունավետ է ինչպես ուսանողների, այլև տեխնոլոգիական էկոսիստեմի զարգացման համար», - ընդգծում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Մենք շատ ուրախ ենք, որ մեր թիմի օգնությամբ Հայաստանի երիտասարդների համար նման խորացված գիտելիքներ են հասանելի դառնում և նոր հնարավորություններ բացում՝ ուսման ու հետագա աշխատանքի առումով: Համոզված եմ, նրանց համար շատ օգտակար ու ոգևորիչ է աշխարհի առաջատար ընկերությունների ու բուհերի ներկայացուցիչների հետ շփումը», - նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող Լարա Շոնկվիլերի աշխատարանումը ուսանողները ուսումնասիրեցին Python և Numpy ծրագրավորման լեզուները, մարդկանց ձայնի ընկալումն ու ձայնային մշակման հիմունքները, իսկ աշխատարանի վերջում կոդավորեցին երաժշտական կոմպոզիցիաներ:
Ապա, Microsoft-ի արհեստական բանականության մասնագետ Շահբազ Մոգալի Թումո Երևանում և Գյումրիում անցկացած աշխատարանների ընթացքում ուսանողները մեքենայական ուսուցման և բնական լեզվի մշակման (NLP)օգնությամբ ստեղծեցին ծրագիր, որը կարողանում է տեքստի մեջ հայտնաբերել սարկազմը: Facebook-ի ավագ ծրագրավորող Րաֆֆի Հովակիմյանի աշխատարանի ընթացքում Թումոյի ուսանողները հիմքից կառուցեցին full stack հավելվածներ և հմտացան open-source stack-ով աշխատելու մեջ: Այն օգտագործվում է Facebook-ում և մեծ տարածում ունի ոլորտում:
Նյու Ջերսիի համալսարանից Էնթոնի Դիզի հետ ուսանողները կառուցեցին մի սարք, որը արևային էներգիայի միջոցով փոքր մարտկոց է լիցքավորում: Այս համակարգը վերահսկում է մարտկոցի լիցքավորման մակարդակը և ջերմաստիճանը, ինչպես նաև այդ տեղեկատվությունն անլար հաղորդում է cloud-ին:
Սթենֆորդի համալսարանից Քայլ Դ'Սոուզայի աշխատարանում ուսանողները սովորել են բջջային հավելված ստեղծելու բոլոր հմտությունները, այդ թվում` ինչպես հավելվածին ավելացնել տեքստ, պատկերներ, կոճակներ` օգտագործելով React Native-ը:
«Team» հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշը` TEAM. Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք եղել են Ucom ընկերության հիմնադիրներն ու երկար ժամանակ ղեկավարել են ընկերությունը։ Նոր ընկերությունը գրանցվել է 2020թ.–ի ապրիլի 20–ին «AllNet» անունով, հետո անվանափոխվել է «TEAM»–ի և ՀԾԿՀ–ից հեռահաղորդակցական ոլորտում գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել։
VEON Ltd հեռահաղորդակցական և ինտերնետ ծառայությունների ոլորտի համաշխարհային փրովայդերը 2020թ.–ի հոկտեմբերի 29–ին հայտարարեց, որ Team ընկերության հետ համաձայնագիր է կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) հայկական դուստր ընկերության վաճառքի մասին։ 2020թ.–ի նոյեմբերի 16–ին ընկերությունը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ստացել է նոր իրավաբանական անվանում` «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ։ Ընկերությունը դեռ կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո։–0–