USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

«Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք (ՎԻԴԵՈ)

06.06.2022, 14:30
«Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են 12-րդ դասարանի աշակերտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 11-րդ դասարանցի Դավիթ Վանյանը. ՎԻԴԵՈ
«Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը որպես մրցույթի հաղթող կուղարկվի տիեզերք։ Թռիչքը նախատեսվում է հունիսին տիեզերք դուրս եկող ենթաուղեծրային հրթիռից, հաղորդում է «Այբ»–ի մամուլի ծառայությունը։

Մրցույթին մասնակցել են 12-21 տարեկան հայ պատանիներ և երիտասարդներ: Եզրափակիչ փուլ անցել էին 3 թիմ (Ad Astra, AYAS, GDL), որոնք էլ ներկայացրին իրենց ստեղծած սարքը եզրափակիչ ընտրության համար։

«Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են 12-րդ դասարանի աշակերտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 11-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներական ակումբի ղեկավար Վազգեն Գաբրիելյանը և ռոբոտաշինության լաբորատորիայի աշխատակից, «Այբ» դպրոցի շրջանավարտ Ռուբեն Քերոբյանը։

«Այբ» դպրոցի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվելու է ենթաուղեծրային հրթիռում և ուղարկվելու բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող սենսորները նախատեսվել և առաջարկվել են AYAS թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։

2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթը Bazoomq Space Research Lab-ի և HyeTech կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։–0–