USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

«ԱրմենՏելը» լայնաշերտ անլար ինտերնետ հասանելիություն կտրամադրի Հայաստանի 376 գյուղերի բնակիչներին

27.01.2015, 17:24
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) լայնաշերտ անլար ինտերնետ հասանելիություն կտրամադրի Հայաստանի 376 գյուղերի բնակիչներին, երեքշաբթի ՀԾԿՀ–ի նիստի ընթացքում ասաց ՀԾԿՀ հեռահաղորդակցությունների վարչության բաժնի պետ Գևորգ Գևորգյանը։
«ԱրմենՏելը» լայնաշերտ անլար ինտերնետ հասանելիություն կտրամադրի Հայաստանի 376 գյուղերի բնակիչներին
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) լայնաշերտ անլար ինտերնետ հասանելիություն կտրամադրի Հայաստանի 376 գյուղերի բնակիչներին, երեքշաբթի ՀԾԿՀ–ի նիստի ընթացքում ասաց ՀԾԿՀ հեռահաղորդակցությունների վարչության բաժնի պետ Գևորգ Գևորգյանը։

Նրա խոսքով` ընկերությանը տրամադրված արտոնագրի համաձայն` «ԱրմենՏելը» մինչև 2015թ.–ի սեպտեմբերի 3–ը պետք է արդիականացնի կամ փոխարինի հեռավոր շրջանների հեռախոսային ցանցերը` տեղադրելով ժամանակակից լարային տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս լայնաշերտ ինտերնետ հասանելիության հնարավորություն ապահովել։

Նա նշեց, թե ավելի վաղ նախատեսվում էր, որ ընկերությունը մինչև 2015թ.–ի սեպտեմբերի 3–ը կավարտի գծերի արդիականացման ծրագիրը` CDMA տեխնոլոգիայի հիման վրա, ինչը թույլ կտար 376 բնակավայրերում ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիություն։

«Սակայն ընկերությունն առաջարկել է կիրառել ավելի ժամանակակից անլար տեխնոլոգիաներ գյուղերում կապ ապահովելու համար, ինչի կապակցությամբ ՀԾԿՀ–ն հաստատել է արդիականացման նոր ծրագիրը, որը պետք է ավարտվի մինչև 2016թ.–ի սեպտեմբերի 1–ը», – ասաց Գևորգյանը։

Ինչպես որոշումը մեկնաբանեց ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը, հանձնաժողովը անլար տեխնոլոգիաների կիրառումն ավելի նպատակային է համարում ինչպես արդիականացման համար նախատեսված ծախսերի, այնպես էլ տրամադրվող ծառայությունների որակի տեսակետից` հաշվի առնելով հեռավոր լեռնային շրջաններում բնակչության փոքր թվաքանակը։

Նա նշեց, որ եթե CDMA–ի տեխնոլոգիայով տվյալների փոխանցման արագությունը կազմում է ոչ ավել, քան 128 Կբ/վ, ապա անլար տեխնոլոգիաները թույլ են տալիս թողունակությունը բարձրացնել մինչև մոտ 512 Կբ/վ ցուցանիշի։

«Անլար հասանելիության տրամադրումը միակ օպտիմալ տարբերակն է հեռավոր բարձր լեռնային գյուղերում բարձրորակ լայնաշերտ ինտերնետ ապահովելու համար», – ասաց Արաբաջյանը։

«ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նշեց, որ նոր լուծումները թույլ են տալիս հեռավոր բնակավայրերն ապահովել ինտերնետով, որը որակով չի զիջի այլ լարային տեխնոլոգիաներին։

«Հիմա ավելի քան 30 գյուղերում ընկերության բաժանորդներն օգտվում են ֆիքսված կապից, որն ապահովվում է CDMA անլար տեխնոլոգիաների հիման վրա, քանի որ դրա կառուցման պահին ֆիքսված կապը խափանված էր, և շտապ վերականգնում էր պահանջվում», – ասաց Պյատախինը։

Նա նշեց, որ տասը տարում տեղի են ունեցել լուրջ տեխնոլոգիական փոփոխություններ, սակայն CDMA տեխնոլոգիաները թույլ չեն տալիս տրամադրել լայնաշերտ ինտերնետ հասանելիություն, ինչի կապակցությամբ ընկերությունը դիտարկել է բազմաթիվ տարբերակներ և ընդունել օպտիմալ որոշում` հեռավոր գյուղերն ապահովել անլար կապով։

«Նման փորձ է կիրառվում Ֆինլանդիայում, Գերմանիայում։ Հայաստանում նման մեծ մասշտաբով այն առաջին անգամ է կիրառվում, չնայած առանձին շրջաններում այն արդեն փորձարկվել է։ Սա բավականին լուրջ նախագիծ է, այդ պատճառով նաև երկարացվել են ժամկետները դրա լիարժեք և որակյալ իրականացման համար», – ասել է Պյատախինը` ձեռնպահ մնալով նշել սպասվող ներդրումների ծավալը և ընդգծելով, որ լուրջ ներդրումներ են կատարվելու։

Ինչ վերաբերում է բաժանորդային բազային, ապա, նրա խոսքերով, ընկերությունը կողմնորոշվում է գոյություն ունեցող բաժանորդների հարցում` մոտ 60 հազար, ովքեր օգտվում են ֆիքսված կապից CDMA ծառայության միջոցով, իսկ բաժանորդների թվի աճը կախված կլինի բնակչության իրական թվից և վերջնական ծառայության որակից։

Beeline–ի բջջային կապի բաժանորդների ընդհանուր թիվը 2014 թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքում գերազանցել է 800 հազարը, իսկ ֆիքսված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը` 150 հազարը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–