USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Արագագործ Ինտերնետ-հասանելիության HI-LINE ծառայությունն այժմ մատչելի է Հայաստանի 18 քաղաքներում

25.02.2009, 22:01
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ)  ընդլայնել է Hi-Line լայնաշերտ ինտերնետ-ծառայության աշխարհագրությունը:
Արագագործ  Ինտերնետ-հասանելիության HI-LINE ծառայությունն այժմ մատչելի է Հայաստանի 18 քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ)  ընդլայնել է Hi-Line լայնաշերտ ինտերնետ-ծառայության աշխարհագրությունը:

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, այժմ երկրի 18 քաղաքների բնակիչները համացանցի արագ հասանելիության հնարավորություն են ստացել:

Նախկինում Hi-Line-ը տրամադրվում էր միայն Հայաստանի 6 քաղաքներում ` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Իջևանում և Աբովյանում: Ներկայում այդ ցանկը համալրվել է ևս 12 քաղաքով` Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թալին, Եղեգնաձոր, Կապան, Գորիս, Մեղրի, Սևան, Նոյեմբերյան, Էջմիածին և Աշտարակ:

«Մենք համոզված ենք, որ մարզերի բնակչության համար Ինտերնետի մատչելիությունը ևս մեկ քայլ է դեպի Հայաստանի տարածաշրջանների համաչափ և ներդաշնակ զարգացումը», -  շեշտեց «ԱրմենՏելի» վաճառքի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը:

Ավելին, ինչպես հայտնեցին ընկերությունից, այսուհետ հաճախորդը կարող է ձեռք բերել ADSL-մոդեմը ապառիկ, ինչն էլ ավելի մատչելի է դարձնում ինտերնետը Հայաստանի հանրության համար:

«Մենք խոշորագույն ներդրումներ ենք կատարել Հայաստանի հեռահաղորդակցական ենթակառուցվածքում, - ասաց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:- Այժմ ժամանակն է ցույց տալու, որ դրանք ուղղված են Հայաստանի երկարաժամկետ տնտեսական և սոցիալական զարգացմանը: Ինտերնետ-ծառայությունների աշխարհագրության ընդլայնումը մենք դիտարկում ենք իբրև համաշխարհային տեղեկատվական միջավայրին Հայաստանի ինտեգրվելու կարևորագույն գործոն»:

Hi-Line ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձանց համար և հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն սովորական հեռախոսագծով` այն ազատ թողնելով հեռախոսազանգերի համար: 

ADSL տեխնոլոգիան (Asymmetric Digital Subscriber Line - ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) մոդեմային տեխնոլոգիա է, որը սովորական հեռախոսային գծերը վերածում է արագագործ հասանելիության գծերի:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ADSL տեխնոլոգիայով ինտերնետ ծառայություն սկսել է մատուցել 2007 թվականին՝ Hi-Line  անվանմամբ: Ներկայումս ծառայությունից օգտվում են շուրջ 12 հազար բաժանորդներ:

Ընկերությունում գործում է 4 անսահմանափակ սակագնային փաթեթներ Hi-Line ծառայության համար՝ Hi-Line Unlimited 128՝ ամսական 8 հազար դրամ արժողությամբ (ներառյալ ԱԱՀ), Hi-Line Unlimited 256՝ 12 հազ. դրամ արժողությամբ, Line Unlimited 512՝ ամսական 20 հազ. դրամ արժողությամբ (ներառյալ ԱԱՀ) և Hi-Line Unlimited 1024՝ ամսական 30 հազ. դրամ արժողությամբ։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է  ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ։-0-