ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրում է մինչև տարեվերջ Երևանում 4G ցանցը կոմերցիոն շահագործման հանձնել
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը ծրագրում է մինչև տարեվերջ կոմերցիոն շահագործման հանել չորրորդ սերնդի (4G) – LTE նոր ցանցը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010թ.-ի դեկտեմբերի 20-ին Երևանում թեստային շահագործման է հանել տարածաշրջանում առաջին չորրորդ սերնդի կամ այսպես կոչված LTE ցանցը, որն արագությամբ 10 անգամ գերազանցում է 3G ցանցի առկա հնարավորություննրը՝ ինչպես բեռնումով, այնպես էլ տվյալների փոխանցումով:
«Մենք լայնածավալ աշխատանքներ ենք անցկացնում Երևանում երրորդ սերնդի ցանցի արդիականացման և 4G-ի ընդլայնման գծով, որի աշխատանքները ծրագրվում է ավարտին հասցնել աշնանը, որից հետո ցանցը կհանվի կոմերցիոն շահագործման»,- ասաց Յիրիկյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Երևանում չորրորդ սերնդի ցանցի հասանելիության առաջին փուլը սահմանափակ կլինի: Նա նաև զերծ մնաց սակագներ նշելուց:
Ինչպես նշեց գլխավոր տնօրենը, ցանցի թեստային շահագործումից հետո ընկերությունը խոստացել է միաժամանակ այն կոմերցիոն շահագործման հանել բացի մայրաքաղաքից նաև երկու այլ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում:
«Այդ երկու քաղաքներում իրականացվող տեխնիկական աշխատանքները դեռ շարունակվում են և դրանք ծրագրվում է ավարտին հասցնել տարեվերջին, իսկ ցանցը շահագործման կանձնվի արդեն 2012թ.-ի սկզբին»,- ասաց Յիրիկյանը՝ ընդգծելով, որ մայրաքաղաքում ցանցը թողարկվելու է անկախ այդ ժամկետներից:
LTE-ն չորրորդ սերնդի (4G) կապի բջջային տեխնոլոգիա է, որն ապահովում է բազային կայանից բաժանորդի սարքը տվյալների ուղարկման մինչև 100 ՄԲ/վ արագություն և բաժանորդից դեպի բազային կայան՝ մինչև 50 ՄԲ/վ արագություն:
Սկզբնական շրջանում 4G-ի ներմուծմամբ ընկերության ներդրումները կազմում էին շուրջ 7,5 մլն դոլար:
VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին:--0—