Facebook-ից Beeline բաժանորդներին հասանելի են անվճար SMS- ծանուցումները
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) գործարկել է Facebook ցանցում SMS-ծանուցման ծառայությունը:
Ծառայությունը Beeline բջջային ցանցի բաժանորդներին թույլ է տալիս ստանալ SMS-ծանուցումներ իրենց «պատին» կատարված հրապարակումների, նկարների կամ գրառումների մեկնաբանությունների մասին, ինչպես նաև SMS հաղորդագրության միջոցով սահմանել կարգավիճակը, պատասխանել հարցումներին և այլ:
«Հետամուտ լինելով էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից միտումներին՝ մենք առաջինը Հայաստանում գործարկում ենք սոցիալական ցանցերում շփվելու նոր ծառայություն: Այս ծառայության շնորհիվ մեր բաժանորդները կարող են մնալ կապի մեջ իրենց ընկերների հետ, կիսել տրամադրությունը և հետևել նորություններին, որտեղ էլ նրանք լինեն», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Beeline բջջային ցանցի բաժանորդները կարող են ստանալ SMS-ծանուցումներ Facebook ցանցից անվճար` առանց բաժանորդավճարի, միացման և SMS-հաղորդագրության ստացման վարձի: Դեպի Facebook ուղարկվող մեկ SMS-հաղորդագրության արժեքը մինչև 2011թ հունիսի 1-ը կկազմի 5 դրամ, իսկ հետագայում` 9 դրամ՝ անկախ բաժանորդի սակագնային պլանից:
Անվճար SMS-ծանուցումներից օգտվելու համար Facebook-ից օգտվող Beeline բջջային ցանցի բաժանորդը պետք է գրանցի իր հեռախոսահամարը Facebook-ի անձնական էջի «Բջջային տարբերակ» բաժնում կամ 32665 համարին ուղարկի FB բովանդակությամբ SMS-հաղորդագրություն: Պատասխան նամակում ստացած ակտիվացման կոդը պետք է մուտքագրել Facebook-ի էջի համապատասխան դաշտում: Անձնական էջի խմբագրման «Ծանուցումներ» դաշտում օգտագործողը կարող է ինքնուրույն ընտրել մեկ կամ մի քանի չափորոշիչ, որով նա ցանկանում է ստանալ SMS-ծանուցումներ: Կարելի է ընտրել նաև ծանուցումներ ստանալու ժամերը:
Facebook-ի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում Facebook սոցիալական ցանցի օգտվողների քանակը կազմում է 135 հազար մարդ, որոնցից 44 տոկոսը կազմում են 18-24 տարեկան երիտասարդները, 32 տոկոսը՝ 25-34 տարեկանները։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ:--0—