SMS-քվեարկությունը կորոշի «Տարվա հայտնություն» անվանակարգում «Տաշիր 2011» մրցանակաշխության հաղթողին
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Տաշիր 2011» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» անվանակարգի հաղթողը կորոշվի SMS-քվեարկության արդյունքում, որը մեկնարկում է փետրվարի 23-ին, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղեկացրեց «Tashir Media» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը:
«Տաշիր 2011» համահայկական ազգային ամենամյա հինգերորդ մրցանակաբաշխությունը կանցկացվի ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում:
Սաղաթելյանը հայտնեց, որ հատուկ այդ քվեարկության համար սահմանվել է ԱՊՀ ողջ տարածքում միասնական հեռախոսահամար հեռուստադիտողները կարող են մասնակցի համարով SMS ուղարկել 4447 համարին:
«Անվանակարգում ներկայացվել են ինը, մեր կարծիքով, ամենախոստումնալից և հեռանկարային երիտասարդ աստղերը՝ Արթուր Բեսթ, Լայաննա, Մարտին Մկրտչյան, Միհրան Ծառուկյան, Նաստյա, Սարգիս Ավետիսյան, Սիդնի, Սոնյա, Սյուզի Մելիքյան»,- ասաց նա:
SMS-հաղորդագրության միջոցով կորոշվեն նրանցից երեքը, որոնք կմասնակցեն գալա համերգին, իսկ այնտեղ արդեն ուղիղ եթերում կրկին SMS-հաղորդագրության միջոցով կընտրվի հաղթողը:
Քվեարկության ակտիվ տասը մասնակիցները Կրեմլի պալատում համերգի տոմսեր կստանան, իսկ նրանցից ամենաակտիվը կարժանանա Մալդիվյան կղզիներ մեկնելու տոմս՝ երկու անձի համար:
«Միջոցառումը տարբերվում է նախորդ արարողություններից և խոստանում է դառնալ Մոսկվայի և աշխարհասփյուռ հայության երաժշտական կյանքի ամենավառ իրադարձություններից մեկը», - հայտարարեց Սաղաթելյանը:
«Տաշիր 2011» ազգային մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում ներկայացված են Թաթա Սիմոնյանը, Ջիվան Գասպարյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Էմմին, Լյուսինան, հայկական, ռուսական և համաշխարհային էստրադայի այլ երաժիշտներ և կատարողներ:
«Տաշիր 2011» ազգային մրցանակաբաշխության հաղորդավարներ կլինեն Գարիկ Մարտիրոսյանը, Քսենիա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը, Օքսանա Ֆյոդորովան, ռուսական հեռուստատեսության այլ աստղեր:--0—