ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԱՆՈՐՅԱ ԳԻՇԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 25,8 ՄԼՆ ԶԱՆԳ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԵՎ ՇՈՒՐՋ 4,1 ՄԼՆ SMS ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բջջային կապի երեք օպերատորների տվյալների համաձայն՝ ամանորյա գիշերը նրանց բաժանորդներն ավելի քան 25,8 մլն զանգ են կատարել և շուրջ 4,1 մլն SMS են ուղարկել։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Orange Armenia ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին Orange Armenia-ի բաժանորդները շուրջ 2,237 մլն զանգ են կատարել և ավելի քան 325 հազար SMS հաղորդագրություն են ուղարկել։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը տեղեկացրեց, որ ամանորյա գիշերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից ավելի քան 2,936 մլն SMS հաղորդագրություն է ուղարկվել և ավելի քան 19 մլն զանգ է կատարվել։
Ըստ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանի՝ 2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2011թ-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 860 հազար SMS հաղորդագրություն և իրականացրել 4.6 միլիոն զանգ` 1 րոպե 8 վայրկյան միջին տևողությամբ:
Բեղլոյանը նաև ներկայացրել է ֆիքսված ցանցի և Ինտերնետ սակագնի տվյալները, որոնց համաձայն՝ նշված ժամանակահատվածում ֆիքսված ցանցի բաժանորդները կատարել են շուրջ 4.9 միլիոն զանգ` 2 րոպե 2 վայրկյան միջին տևողությամբ, իսկ Beeline բջջային օպերատորի բաժանորդները շուրջ 1 ՏԲ տեղեկատվություն են օգտագործել։
Ընկերության տվյալների փոխանցման արտաքին կապուղիներով դեկտեմբերի 31-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 12:00-ը փոխանցվել/ստացվել է 32.8 ՏԲ տեղեկատվություն, որից 3.52 ՏԲ 2010թ-ի վերջին 2 ժամվա, իսկ 3.09 ՏԲ 2011թ-ի առաջին երկու ժամվա ընթացքում:
Միաժամանակ բոլոր երեք օպերատորները նշեցին, որ ամանորյա գիշերն ընկերությունների տեխնիկական համակարգերը կայուն և անդադար են աշխատել։
Ինչպես տվյալ կապակցությամբ նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, 2010թ-ի ընթացքում ընկերությունը հետևողականորեն զարգացրել է հեռահաղորդակցության ենթակառուցվածքները Հայաստանի ամբողջ տարածքում, ինչը հնարավորություն է ընձեռել տոնական օրերին ապահովել անխափան կապ:
Ազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչությունը 3,2 մլն մարդ է։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տվյալների համաձայն՝ երկրում երեք գործող օպերատորների բջջային կապի ծառայություններից իրականում ավելի քան 2,77 մլն բաժանորդ է օգտվում, իսկ ըստ նախարարության տվյալների՝ «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների թիվը 620 հազար է կազմում։ --0--