600 ուսանողի համար նոր «Թումո» կենտրոն կկառուցվի Կողբ գյուղում Ucom-ի աջակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Տավուշի մարզի Կողբ գյուղում առնվազն 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի, որը կծառայի նաև սահմանամերձ Նոյեմբերյան, Բերդավան և այլ համայնքների պատանիներին և երիտասարդներին, հայտնում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդման, սեպտեմբերի 24-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհանդես-միջոցառումը։
Միջոցառման ժամանակ տրվեց «Կողբ-Թումո» նախագծի մեկնարկը և փոխըմբռման հուշագրեր ստորագրվեցին «Կողբ» հիմնադրամի, Տավուշի մարզպետարանի, «Ucom» ընկերության և «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության միջև։
Կենտրոնի շինարարությունը կմեկնարկի նոյեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսի 2018 թվականին: Կրթական ծրագիրը չի տարբերվելու Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի Թումոներում իրականացվող ծրագրից, իսկ դասավանդող անձնակազմն ու միջազգային մասնագետները կշարունակեն կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով նաև այստեղ:
«Վերջին տարիներին Ucom-ը հետևողականորեն իրականացնում է կրթական համալիր ծրագրեր դպրոցական տարիքի երեխաների համար: Քաջ գիտակցելով տարբեր բնակավայրերում նրանց անհամաչափ հնարավորությունները, մենք ուշադիր ենք հատկապես բարձր տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիությամբ բնակավայրերի նկատմամբ: Որպես հայկական ընկերություն, Ucom-ն այսօր բոլոր ջանքերն ուղղում է հայրենիքի, հայ մարդու, իսկ մասնավորապես՝ հայ պատանիների զարգացմանը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։
«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշեց, որ այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է մեր պետության անկախության ամրապնդման ուղղությամբ։
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին։ Լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը` ընկերությունը տրամադրում է այդ ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP–հեռուստատեսություն, թվային հեռախոսային ծառայություններ, բջջային կապի ծառայություններ։ Ucom–ը, Ericsson ընկերության աջակցությամբ, Հայաստանում ստեղծում է նոր սերնդի խոշորագույն օպտիկամանրաթելային ցանցը։ –0–