Orange Armenia սկսում է համագործակցել Շիրակ ֆուտբոլային ակումբի հետ
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Orange Armenia-ն հայտարարեց Շիրակ ֆուտբոլային ակումբի հետ իր համագործակցության մեկնարկը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Համագործակցության շրջանակներում Orange-ը սատարելու է Շիրակ ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի 400 սաներին` տրամադրելով խաղային համազգեստներ:
Շիրակ ֆուտբոլային ակումբը Հայաստանի 5 տարիքային առաջնություններում ներկայացնում են տարբեր տարիքային 7 թիմերի անդամ 175 երեխաներ՝ վերջիններիս Orange-ը տրամադրելու է խաղային, մարզումային և ներկայացուցչական նոր համազգեստներ, մարզումային ժիլետներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ խաղակոշիկներ:
«Orange-ը մեծապես կարևորում է աջակցությունը երեխաներին: Այսօր ուրախ ենք Շիրակ ֆուտբոլային ակումբի հետ մեկնարկել այս համագործակցությունը, քանի որ այն հնարավորություն կտա թեթևացնել Գյումրիի ընտանիքների ֆինանսական բեռն ու ֆուտբոլը գյումրեցիների համար դարձնել առավել հասանելի: Հավատացած ենք, որ այս համագործակցությունը նաև կնպաստի յուրաքանչյուր գյումրեցու հպարտությունը հանդիսացող Շիրակ ֆուտբոլային ակումբի երկարաժամկետ հաջողությանը, քանի որ Գյումրիի ֆուտբոլային դպրոցի ամենատաղանդավոր սաները Շիրակ ֆուտբոլային ակումբի ապագա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն են,» - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
«Orange-ի հետ մեր համագործակցությունը մեծ աջակցություն կլինի սպորտային ավանդույթներով հարուստ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար: Orange-ի այս քայլը գնահատելի է, որովհետև Շիրակի մարզը և մասնավորապես Գյումրին սոցիալական առումով ամենախոցելին են Հայաստանում: Կարծում եմ` այն մեծ ոգևորություն կառաջացնի «Շիրակի» մարզադպրոցի մանկապատանեկան տարիքային խմբի սաների և ընդհանուր առմամբ` ակումբի շրջանում: Հուսով եմ` այս ձեռնարկը սկիզբ կդառնա Orange-ի հետ «Շիրակի» համագործակցության հետագա զարգացմանը» - նշեց Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրում (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—