41 թիմ կպայքարի Ucom-ի աջակցությամբ իրականացվող Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 41 թիմ կպայքարի Երևանում նոյեմբերի 9–ին նախատեսված ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթում, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկերը` Symotec ընկերությունը։
«Երևանյան մրցույթը բացառիկ է նրանով, որ Robotex–ին առաջին անգամ կմասնակցեն ավտոմատ ռոբոտներ։ Այդկերպ ընդգծվում է ռոբոտաշինության բարձր մակարդակը Հայաստանում», – ասաց նա։
Նրա խոսքով, «Խելացի քաղաք» խորագրի ներքո անցկացվող մրցույթի նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը և հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:
Ինչպես նշեց Վարդանյանը, մրցույթին կմասնակցեն թիմեր Վրաստանից, Եթովպիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Մադագասկարից։ Մրցույթին Հայաստանը կներկայացնի 33 թիմ մայրաքաղաքի և մարզային ArMath լաբորատորիաներից։
Պատասխանատվության և ոգեշնչման հարթակ
«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն և այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է», – նշեց ԱՏՁՄ–ի գործադիր տնօրենը։
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն իր հերթին կարևորեց Հայաստանում միջազգային մասշտաբի մրցույթի անցկացումը` հույս հայտնելով, որ Robotex–ը կդառնա ևս մեկ ազդակ հանրապետությունում ռոբոտաշինության զարգացման համար։
«Ucom-ը տարիներ շարունակ խրախուսում է ինժեներական մտքի զարգացումը՝ Հայաստանի մարզերում 40-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրումով, ինչպես նաև այդ լաբորատորիաների սաների համար տարատեսակ մրցույթների հովանավորությունը ստանձնելով։ Որպես ինժեներական կրթության ու ստեղծարար սերնդի ջատագովներ՝ մենք գիտակցում ենք, որ ի լրումն ներքին մրցույթների երեխաները պետք է նաև միջազգային մրցույթների մասնակցեն», – նշեց Եսայանը։
Նրա խոսքով, Robotex ձևաչափի միջոցառումների անցկացումը կարող է բարձրացնել Հայաստանի բարձր–տեխնոլոգիական ներուժի միջազգային ճանաչվածությունը, ինչպես Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT-2019) դեպքում էր, որն անցկացվեց Երևանում հոկտեմբերի 6–9–ը։
«Միջազգային բարձր կարգի այս մրցույթի հյուրընկալումը մեծ պատասխանատվություն լինելուց բացի նաև մեծ փորձ և ոգևորության աղբյուր կլինի ռոբոտաշինությանը տիրապետող բազմաթիվ դպրոցականների համար: Այն նշանակալի հարթակ է, որտեղ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները», – ասաց Եսայանը։
Robotex Armenia մրցույթի մասին
Մրցույթին մասնակցող թիմերը պետք է «Խելացի քաղաք» հարթակում ցուցադրեն ռոբոտների հեռահար կառավարման հմտությունները։ Ռոբոտները պետք է հաղթահարեն հատուկ խոչընդոտներ, մարեն հրդեհ` պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։
Ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց շարքում են Արման Պողոսյանը (Instigate ընկերություն), Հրանտ Խաչատրյանը (Symotec ընկերություն), Արամ Կերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Հրաչյա Մակարյանը («Փուլ» ընկերություն), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն) և Հայկ Զարգարյանը (Ucom)։
Ucom ընկերության մասին
Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական ծառայություններ մատուցող ընկերությունն է։ Այն երկրի IPTV և ֆիքսված ինտերնետի շուկայում բացարձակ առաջատարն է և առանցքային դիրք է զբաղեցնում Հայաստանի շարժական ինտերնետի շուկայում։ Ucom-ը բաց է նորարարությունների համար, որոնք ընկերությունից դուրս են մշակվում, և պատրաստակամ է վենչուրային կապիտալի մոդելներով գործակցել այն ստարտափերի հետ, որոնք փոխշահավետ գործակցության առաջարկներ ունեն։–0–