ORANGE ARMENIA-Ն ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ IPHONE Է ՎԱՃԱՌՔԻ ՀԱՆԵԼ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը հայկական շուկա IPhone է վաճառքի հանել:
Ինչպես չորեքշաթ IPhone-ի շնորհանդեսի ժամանակ նշել է Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Orange-ը Հայաստանում առաջին բջջային օպերատորն է, որը IPhone է վաճառքի հանում:
«Սա France Telecom-ի և Apple ընկերության երկարատև համագործակցության արդյունքն է, ինչը թույլ է տվել ընկերությանը դառնալ Apple-ի հիմնական գործընկերներից մեկը, այդ թվում նաև Հայաստանում», - ասաց Դյութուան:
Նա հիշեցրել է, որ հայկական շուկա IPhone-ի մուտքի հետ կապված խոստման ուշացումը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը փորձում էր ստեղծել «առավելագույնս լիարժեք և հարմարավետ պայմաններ IPhone-ի օգտագործման և սպասարկման համար»:
Նրա խոսքերով՝ որոշակի աստիճանով դա նաև պայմանավորված էր Apple ընկերության կողմից փետրվարին բացված App store օն-լայն խանութի՝ Հայաստանում հասանելիության առկայության անհրաժեշտությամբ, ինչը թույլ կտա բաժանորդներին օգտվել լրացուցիչ ծառայություններից և առաջարկներից, ինչպես նաև ծրագրերից:
Ինչ վերաբերում է ակնկալվող վաճառքի ծավալներին, ապա Դյութուայի խոսքերով՝ Orange-ը հիմնվում է միայն որակի և լրացուցիչ ծառայությունների հնարավորությունների վրա, իսկ քանակական ցուցանիշները կոմերցիոն գաղտնիք են:
«Սակայն կարծում եմ, որ մենք զգալիորեն կգերազանցենք վաճառքի ակնկալվող ցուցանիշները, և այդ ցուցանիշը կկազմի նվազագույնը ամսական մի քանի հարյուր հեռախոս», - ասաց գլխավոր տնօրենը:
Orange-ը հայկական շուկա ներկայացրեց IPhone-ի միանգամից երեք մոդել՝ 3G՝ 8 գիգաբայթ հիշողությամբ, որի արժեքն է 245 հազար դրամ, 3GS՝ 16 գիգաբայթ հիշողությամբ, որի արժեքն է 299 հազար դրամ և 3GS՝ 32 գիգաբայթ հիշողությամբ, որի արժեքն է 350 հազար դրամ:
Ինչպես նշեց ընկերության մարկետինգի գծով մենեջեր Արամ Մկրտչյանը, Orange-ը բաժանորդներին է առաջարկում հատուկ փաթեթային առաջարկներ, որոնցում ներառված են ոչ միայն անվճար ձայնային ծառայություններ և SMS-հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, այլև ինտերնետ-հասանելիության որոշակի ծավալ:
«Ինտերետ-հասանելիությունը թույլ կտա մեր բաժանորդներին ոչ միայն լիարժեք օգտվել IPhone-ի բոլոր հնարավորություններից, այլև ներբեռնել լրացուցիչ ծրագրեր», - ասաց Մկրտչյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ընկերության կողմից ներկայացված IPhone-ն աշխատում է միայն Orange-ի SIM-քարտերով, միաժամանակ ունի հայերեն տառատեսակ, իսկ հետագայում ծրագրվում է հայկական շուկայի համար մշակել առանձին ծրագրերի հայկական տարբերակները, որոնք հասանելի կլինեն App store-ի միջոցով:
Այսօրվա դրությամբ Orange-ն իր բաժանորդներին է առաջարկում IPhone-ի միացման չորս հնարավոր սակագնային պլաններ՝ ամսական 4 հազար դրամ, ինչը հնարավորություն է տալիս 100 րոպե անվճար խոսել այլ օպերատորների բաժանորդների հետ, 1000 րոպե՝ Orange-ի ցանցում, ուղարկել 30 SMS-հաղորդագրություն և 250 մեգաբայթ ինտերնետ: Ամսական 6 հազար դրամի սակագնային պլանի դեպքում բաժանորդը հնարավորություն է ստանում 150 րոպե անվճար խոսել այլ օպերատորների բաժանորդների հետ, 1,2 հազար րոպե՝ Orange-ի ցանցում, ուղարկել 50 SMS-հաղորդագրություն և 400 մեգաբայթ ինտերնետ:
Ամսական 10 հազար դրամի սակագնային պլանի դեպքում բաժանորդը հնարավորություն է ստանում 250 րոպե անվճար խոսել այլ օպերատորների բաժանորդների հետ, 1,5 հազար րոպե՝ Orange-ի ցանցում, ուղարկել 80 SMS-հաղորդագրություն և 700 մեգաբայթ ինտերնետ: Ամսական 20 հազար դրամի սակագնային պլանի դեպքում բաժանորդը հնարավորություն է ստանում 500 րոպե անվճար խոսել այլ օպերատորների բաժանորդների հետ, 1,5 հազար րոպե՝ Orange-ի ցանցում, ուղարկել 160 SMS-հաղորդագրություն և հազար մեգաբայթ ինտերնետ:
Միաժամանակ ընկերության ցանկացած բաժանորդ հնարավորություն կունենա ձեռք բերել IPhone և փոխել սեփական սակագնային պլանը:
IPhone-ը Apple ընկերության քառածավալ GSM հեռախոս է, որն իր մեջ ներառում է IPod-ի, բջջային հեռախոսի և ինտերնետ-պլանշետի գործառույթները: IPhone-ն աշխատում է IPhone OS ծրագրով, որն իրենց ներկայացնում է հեռախոսում գործելու համար նախատեսված Mac OS X-ի մոդիֆիկացված տարբերակը:
«Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ հանրապետության 500 համայնքներում ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի հասանելիություն, ինչպես նաև ինտերնետ-հասանելիություն:-0-