ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՈՒՄԻՆԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ. ՀԾԿՀ ՂԵԿԱՎԱՐ
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բջջային կապի հայկական օպերատորների կողմից տրամադրվող միջազգային ռոումինգային ծառայություններն անբավարար մակարդակի վրա են։ Այդ մասին հայտարարեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հանգես գալով չորեքշաբթի ՀԾԿՀ նիստում։
Բջջային կապի հայաստանյան շուկայում գործում են երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերությունն է և «Վիվասելը», որի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատերը ռուսական «ՄՏՍ» ընկերությունն է։ Երրորդ բջջային օպերատոր «ՖՏԱ-Տելեկոմը», որը France Telecom-ի 100 տոկոսանոց դուստրն է (ապրանքանիշը՝ Orange), արդեն վերջնական արտոնագիր է ստացել, սակայն ցանցի կոմերցիոն շահագործումը կսկսի 2009 թ.-ի ձմռանից։
«Բջջային կապի հայկական օպերատորների կողմից տրամադրվող միջազգային ռոումինգային ծառայությունները ոչ միայն հեռու են բավարար լինելուց, դրանք նույնիսկ կարելի է անվանել բաժանորդների քաղաքակիրթ թալան»,- ասաց Նազարյանը։
Ըստ նրա, ներկայումս համակարգում առկա են բազմաթիվ թերություններ, որոնցից հիմնականը բաժանորդների ոչ լիարժեք իրազեկվածությունն է ռոումինգի ծառայությունների և դրանց արժեքի վերաբերյալ։ Ավելին, ինչպես գտնում է ՀԾԿՀ ղեկավարը, բջջային օպերատորների մոտեցումները հաճախ բաժանորդներին բարդ վիճակի մեջ են դնում, և նրանք ստիպված են բողոքել «ռոումինգում չկատարված զանգերի ֆանտաստիկ գումարներից»։
«Բաժանորդները ստիպված են վճարել նույնիսկ այն զանգերի համար, որոնք նրանք չեն ստացել, քանի որ անհասանելի են եղել»,- նշեց Նազարյանը:
Միաժաամանակ ՀԾԿՀ ղեկավարը գտնում է, որ նման միջադեպերի պատասխանատվությունը լիովին ընկնում է տեղական բջջային օպերատորների վրա, որոնք պետք է կարգավորեն իրենց միջազգային գործընկերների հետ միացման բոլոր հարցերը։
Ինչպես այս կապակցությամբ նշեց VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ցանցերի կապակցման խնդիրներն առաջանում են միջազգային օպերատորների՝ արբանյակային կապի համար միջոցների խնայողություն անելու ցանկության հետևանքով։
Մասնավորապես, նրա խոսքերով, նրանք օգտագործում են երրորդ օպերատորների՝ IP-հեռախոսակապի միացման և ծառայությունների համար, ինչը ոչ միայն վատացնում է որակը, այլև թրաֆիկի խնդիր է ստեղծում։
ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանի խոսքերով, բաժանորդներից ստացված գրավոր բողոքների հիման վրա ՀԾԿՀ-ն պատրաստեց տվայլ հարցերը կարգավորող փաստաթուղթ, որը հաջորդ շաբաթ կներկայացվի հանձնաժողովի անդամների նախնական քննարկմանը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է բջջային կապի ոլորտում միջազգային ռոումինգ ծառայությունների տրամադրման կանոնները, որոնք ուժի մեջ են մտնում 2009թ.հունիսի 1-ից։--0--