Աշխատանքի արդյունավետության բարձրացում և տնտեսության արագացում․ Krisp–ի հիմնադիրը պատմել է՝ ինչպես է AI–ն փոխում Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Արհեստական բանականությունը (ԱԲ) սրընթաց փոխում է աշխարհը, և Հայաստանը ևս չի մնում այս գործընթացից դուրս։ Երկրում ակտիվորեն զարգանում են AI ստարտափեր, ստեղծվում են նոր ներդրումային ֆոնդեր, և տեխնոլոգիաներն ավելի խորը ներթափանցում են տարբեր ոլորտներ։ «ԱՌԿԱ-Տելեկոմ» պորտալին տված բացառիկ հարցազրույցում Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանն անդրադարձել է այն հարցերին, թե ինչ հնարավորություններ է բացում արհեստական բանականությունը Հայաստանի համար, ինչպես այն կազդի աշխատաշուկայի վրա և արդյոք երկրում կան բավարար պայմաններ AI ընկերությունների աճի համար։
«ԱՌԿԱ»․ ձեր ընկերությունը սկսեց կիրառել արհեստական բանականությունը դեռ այն ժամանակ, երբ դա մեյնստրիմ չէր։ Եթե չեմ սխալվում, դա եղել է մոտ ութ տարի առաջ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն կունենա ԱԲ-ի նման զանգվածային ներդրումը Հայաստանի վրա։
Ա. Մինասյան․ ԱԲ-ն բարձրացնում է արտադրողականությունը։ Դա գործիք է, որը թույլ է տալիս մեկ մարդուն կատարել ավելի շատ աշխատանք։ Իմ կարծիքով, դա Հայաստանին ավելի արագ զարգանալու հնարավորություն կտա, քանի որ, եթե համեմատենք Հայաստանի աշխատակիցներին ԱՄՆ-ի կամ Եվրոպայի աշխատակիցների հետ, մենք արտադրողականության տեսանկյունից հետ ենք մնում։ Այժմ հնարավորություն կա, որ ԱԲ-ի շնորհիվ մենք արագորեն առաջ շարժվենք, և արդեն երևում է, որ շատ ընկերություններ ձգտում են օգտագործել այն։
«ԱՌԿԱ»․ իսկ ԱԲ-ի ներդրումը խնդիրներ չի՞ ստեղծի աշխատատեղերի համար։
Ա. Մինասյան․ ոչ, չեմ կարծում, որ այդպես կլինի։ Սա ստանդարտ խնդիր է․ երբ հայտնվեց տրակտորը, մարդիկ կարծում էին, որ աշխարհի վերջն է, բայց արդյունքում տնտեսությունն ավելի արդյունավետ դարձավ։ Հիմա էլ նույնն է․ ԱԲ-ն գործիք է, որը կդարձնի ծրագրավորումը և այլ ոլորտները ավելի արդյունավետ, ինչպես նաև կստեղծի նոր աշխատատեղեր տիեզերական և այլ ոլորտներում։
«ԱՌԿԱ»․ ԱԲ ստարտափերի գործունեության համար անհրաժեշտ է լավ ենթակառուցվածք։ Արդյո՞ք Հայաստանում այն առկա է, և կա՞ն բավարար պայմաններ դրանց զարգացման համար։
Ա. Մինասյան․ կարծում եմ, որ միջավայրը շատ բարենպաստ է․ վենչուրային ֆինանսավորումը Հայաստանում աճել է, կա մոտ հինգ հիմնադրամ, ընդլայնվել է բիզնես հրեշտակների ցանցը։ Ենթակառուցվածքների տեսանկյունից՝ կարելի է վարձակալել AWS (Amazon Web Services) և այլ ամպային հարթակներ։ Եթե խոսենք խոշոր ԱԲ մոդելների մասին, ապա վերջերս DeepSeek-ը ցույց տվեց, որ հնարավոր է անել նույնը տասը անգամ ավելի արդյունավետ։ Հենց այդպիսին պետք է լինի հայկական ստարտափերի մտածելակերպը․ ինչպես հասնել մեծ արդյունքի նվազագույն ռեսուրսներով։ Կարծում եմ, որ այսպիսին է մեր ճանապարհը։