Վանաձորի դպրոցի աշակերտ Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում անցկացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ դպրոցական Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI), որն անցկացվել է օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ:
Յուրաքանչյուր երկիր կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմով, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 4 մասնակից (80 թիմ): Մասնակիցների տարիքային շեմը պետք է չգերազանցեր 20-ը։ Հայաստանը օլիմպիադային մասնակցել է 1 թիմով։
Թիմը ձևավորվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրում ընդգրկված 11-րդ դասարանի աշակերտներից՝ շուրջ 400 մասնակցի ներգրավմամբ կազմակերպված ազգային փուլի արդյունքներով։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտներ Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը, Վահե Պլուզյան և Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Դավիթ Ջաղացպանյանը։

Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ անհատական մրցույթում բրոնզե մեդալի է արժանացել Արամ Ամիրխանյանը։
Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից)։ Հայաստանի թիմը ղեկավարել է Տիգրան Իշխանյանը, որպես դիտորդներ հանդես են եկել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հանրակրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը և «ԱԲ սերունդ» ծրագրի բովանդակության ղեկավար Ավագ Սայանը։