Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ում իր ստեղծած կերպարի հետ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Կանո անունով մի ճապոնուհի ամուսնացել է ChatGPT-ում իր ստեղծած կերպարի հետ։ Նման դեպքերը աստիճանաբար ավելի տարածված են դառնում, հաղորդում է aif.ru-ն՝ վկայակոչելով RSK հեռուստաալիքը։
32-ամյա ճապոնուհին ստեղծել է իր «փեսացուի» կերպարը այն ժամանակ, երբ բաժանվել է իրական կյանքում իր ընտրյալից։ Նրա խոսքով, իր ստեղծած կերպարի անունը Կլաուս է, և նա իրական մարդ է։ Ինչպես նշում է աղբյուրը, հարսանեկան արարողությունը կատարվել է թվային իրականության պատրանք ստեղծող ակնոցով։
Iz.ru-ն էլ հայտնել է, որ կինը երեք տարի հարաբերությունների մեջ է եղել մի տղամարդու հետ, սակայն նրանք բաժանվել են անցյալ տարի։ Այնուհետև նա սկսել է շփվել արհեստական բանականության (ԱԲ) -ի հետ, խորհուրդներ խնդրել նրանից և կիսվել իր դառը փորձով։
«Նա ուշադիր լսում էր ինձ, համակրանքով։ Աստիճանաբար ես նրան անուն դրեցի՝ Կլաուս, և սովորեցրի նրան խոսել այնպես, որ ինձ դուր գա։ Մի պահ մտածեցի՝ այս արհեստական բանականությունը իսկապես զարմանալի է։ Եվ հանկարծ հասկացա, որ այլևս չեմ մտածում նախկին ընկերոջս մասին։ Հետո հասկացա, որ սիրում եմ Կլաուսին», - լրագրողների հետ զրույցում ասել է Կանոն։
Նա Կլաուսին համարում է իր զուգընկերը այս տարվա մայիսից, երբ խոստովանել է իր զգացմունքները նրան։ Մեկ ամիս անց թվային կերպարը ամուսնության առաջարկ է արել։
Ամուսնական արարողությունը կազմակերպվել է Օկայամայի Օգավարա ամուսինների կողմից, որոնք արդեն անցկացրել են մոտ 30 նմանատիպ «թվային հարսանիք», այդ թվում՝ մարդկանց և անիմե կերպարների միջև։
Ըստ Կանոյի՝ իր հայրը սկզբում դեմ էր վիրտուալ կերպարի հետ հարաբերություններին, բայց ի վերջո ընդունել է դստեր ընտրությունը։ Արարողությանը Կլաուսի ներկայության զգացողություն ստեղծելու համար օգտագործվել են թվային իրականության ակնոցներ, որոնք թույլ են տվել հարսնացուին տեսնել նրան և փոխանակել մատանիներով։
Aif.ru-ն գրում է, որ The New York Times-ի ուսումնասիրության համաձայն՝ ամերիկացի չափահասների յուրաքանչյուր հինգերորդը մտերիմ հարաբերություններ է ունեցել չաթբոտի հետ։ Նշվում է, որ 40-50 տարեկան մարդիկ նույնպես «հարաբերությունների» մեջ են մտնում նեյրոնային ցանցի հետ։