Starlink ընկերությունը Հայաստանին է փոխանցել արբանյակային կապի ավելի քան 100 տերմինալ․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Starlink ընկերությունը Հայաստանի կառավարությանն է փոխանցել արբանյակային կապի ավելի քան 100 տերմինալ։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ տերմինալների փոխանցման մասին հայտարարվել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում։
«Starlink տերմինալների նվիրաբերությունն իրականացվել է Հայաստանի մի շարք հանրակրթական հաստատությունների, հատկապես բարձրլեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների ինտերնետ կապի խնդիրը լուծելու համար։ Համապատասխան ընկերությունը ստանձնել է նաև առաջիկա մեկ տարվա ծառայությունների ամբողջական արժեքի վճարումը», — ասել է Հայրապետյանը։
Նախարարը հիշեցրել է, որ Starlink արբանյակային ինտերնետ կապի ծառայությունները Հայաստանում հասանելի են 2025 թվականից։
«Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 2024 թվականին, ազատականացվել էին ռադիոհաճախականությունների առանձին տիրույթներ, ինչից հետո ընկերությունը հնարավորություն ստացավ գործունեություն ծավալել երկրում», — պատմել է նա։
Բացի այդ, ըստ Հայրապետյանի, 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստան է ներկրվել 340 Starlink տերմինալ։
Հայաստանում Starlink-ի արբանյակային ինտերնետի ծառայությունները հասանելի են 2025 թվականի մարտի վերջից։ Սա ենթադրում է թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ ապահովելով անվտանգ և որակյալ կապ, արագ ու հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարհասանելի շրջանները։
Ավելի վաղ Հայրապետյանը հայտարարել էր, որ ամերիկյան Starlink ընկերությունից Հայաստանը կստանա ավելի քան 100 տերմինալ՝ հեռավոր համայնքների դպրոցներում ինտերնետի հասանելիությունը բարելավելու համար։ Այս նախաձեռնությունը զգալիորեն կբարելավի կապի որակը, առցանց կրթության հասանելիություն կապահովի հազարավոր աշակերտների համար։