USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Սեր, ընտրություններ, ֆուտբոլ. ահա թե ինչն է 2012 թվականին ամենից շատ հետաքրքրել «Յանդեքսից» օգտվողներին

10.12.2012, 19:31
Ռուսական «Անխելքս» խոշորագույն որոնողական համակարգը կազմել է 2012 թվականի որոնողական հարցումների վարկանիշն ըստ տարբեր կատեգորիաների, որոնց համաձայն, ռուս ինտերնետ-օգտատերերին ավարտվող տարում հետաքրքրել են սերը, Ռուսաստանի նախագահի ընտրությունները, Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, ինչպես նաև «Ինչու՞ եմ ես շամպուն» հարցը:
Սեր, ընտրություններ, ֆուտբոլ. ահա թե ինչն է 2012 թվականին ամենից շատ հետաքրքրել «Յանդեքսից» օգտվողներին
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Անխելքս» խոշորագույն որոնողական համակարգը կազմել է 2012 թվականի որոնողական հարցումների վարկանիշն ըստ տարբեր կատեգորիաների, որոնց համաձայն, ռուս ինտերնետ-օգտատերերին ավարտվող տարում հետաքրքրել են սերը, Ռուսաստանի նախագահի ընտրությունները, Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, ինչպես նաև «Ինչու՞ եմ ես շամպուն» հարցը:

«Յանդեքսը» որոնողական հարցումների վարկանիշը բաժանել է 12 կատեգորիաների՝ պրեմիերաներ, տղամարդիկ, կանայք, իրադարձություններ, հաճախ տրվող հարցեր և այլն: Վարկանիշում հայտնվել են այն թեմաները, որոնք հարցումների սուր կամ երկարատև աճ են գրանցել, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Պրեմիերաներ և իրադարձություններ


Միանգամից երկու կատեգորիաներում առաջատար է Ռուսաստանի նախագահի ընտրությունների թեման: webvybory2012.ru կայքը, որում կարելի էր հետևել ընտրությունների օրը քվեարկության ընթացքին, գլխավորել է «Պրեմիերաներ» վարկանիշը՝ այնտեղ են հայտնվել նախկինում չհանդիպած հարցումներ: «Ընտրություններ 2012» բառակապակցությունն առաջինն է «Իրադարձություններ» կատեգորիայում:

Պրեմիերաներ-2012 վարկանիշում են հայտնվել iPhone 5 սմարթֆոնը, Հիգսի բոզոն մասնիկը, Lada Largus ավտոմեքենան և «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմը. այս հարցումները դասավորվել են պրեմիերաների կատեգորիայի երկրորդից հինգերորդ հորիզոնականներում:

ՎԱԶ-ի նորույթը և սկանդալային ֆիլմը հետաքրքրել են «Յանդեքսի» օգտատերերին նույնիսկ ավելի, քան աշխարհի վերջը, որն արժանացել է միայն վեցերորդ տեղին: «Իրադարձություններ» կատեգորիայում «աշխարհի վերջ» հարցումը նույնիսկ եզրափակում է վարկանիշը: Արդեն հիշատակված ընտրություններից բացի ավելի հետաքրքիր իրադարձություններ են, ըստ «Յանդեքսի» օգտատերերի, համարվել «Եվրատեսիլ» մրցույթը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, Օլիմպիական խաղերը, «Մթնշաղ: Սագա: Արևածագ: Մաս 2» ֆիլմը, ՄՊՔ-ն և այլն:

Ո՞վ, ի՞նչ, ինչու՞. Տարածված հարցեր

«Ի՞նչ է սերը» հարցումը 2012 թվականին ամենատարածվածն էր «ինչ» բանալի բառով կատեգորիայում: «Ո՞վ է Սաշա Գրեյը» «ով» կատեգորիայի ամենատարածված հարցումն է: Նախկին պոռնոդերասանուհու անձն անհայտ պատճառներով չափազանց մեծ հետաքրքրություն է առաջացրել համացանցից օգտվողների մոտ:
«Ինչու՞» հարցը տվողներին ամենից առավել մտահոգել են «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հեղինակազորման հետ կապված խնդիրները: Բացի այդ, օգտագործողները փնտրել են «Ինչու՞ է Պուտինը ծովախեցգետին», «Ինչու՞ եմ ես այսքան հիմար» և «Ինչու՞ եմ ես շամպուն» հարցերի պատասխանները, որոնք վարկանիշի ամենատարածված հարցումներն են:

Առավել տարածված հարցումներից է "Gangnam style" երաժշտական հոլովակի պարը, «Ի՞նչ անել, եթե ես շամպուն եմ», «Ի՞նչ կլինի, եթե աչքին մոտեցնես միացրած փոշեկուլը», ինչպես նաև «Պատռած աղվես» անունը ստացած անհաջող խրտվիլակի պատկերը:

Ֆիլմ և երաժշտություն


Ամենից հաճախ 2012 թվականին «Յանդեքսից» հարցրել են «Մթնշաղ: Սագա: Արևածագ: Մաս 2» ֆիլմի և «Տի կտո տակոյ, դավայ դա սվիդանիյա»  երգի մասին, երևում է կինոյի և երաժշտության մասին հարցումների վարկանիշից: Ավելի պակաս են օգտատերերին հետաքրքրել «Վրիժառուներ», «Տոնածառներ 2», «Սևազգեստ մարդիկ 3», «Ուրվական արշավորդ 2», «Շերլոք Հոլմս. Ստվերախաղ» և այլ ֆիլմերը. ակնհայտ է, որ օգտագործողները դրանց շարունակությանն են սպասում:

Երաժշտական վարկանիշում «Տի կտո տակոյ»-ից անմիջապես հետո արդեն հիշատակված Gangnam style-ն է: Պարի շնորհիվ ճանաչում գտած այս տեսահոլովակը հայտնվել է երկրորդ տեղում: Օգտագործողները նաև անտարբեր չեն եղել Մայքլ Տելոյի «Hosa-hosa» երգի, «Եվրատեսիլին» մասնակցած Բուրանովյան տատիկների, Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի սաունդթրեքի, «Եվրո 2012» ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգի նկատմամբ:

Տղամարդիկ և կանայք


«Տղամարդիկ» և «Կանայք» կատեգորիաների վարկանիշների բովանդակությունը վկայում է, որ հաճախ այս կամ այն արտիստի հանդեպ հետաքրքրությունը առաջանում է նրա մահից հետո։ Այս վարկանիշներում առաջատար հորիզոնականում են 2012 թվականին մահացած Օլեյնիկովն ու Մարինա Գոլուբը։ Համացանցից օգտվողները հիշել են նաև Իգոր Կվաշային, Ալեքսանդր Պրոխորովշչիկովին, Անատոլի Օտրադնովին, Եվգենի Ժարիկովին և Ուիթնի Հյուսթընին։

Այնուհանդերձ, «ողջերի» թիվն ավելի մեծ է։

«Տղամարդկանց վարկանիշում երկրորդ հորիզոնականում է միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, չորրորդ տեղում` մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն, վեցերորդում` էքստրասենս Վիտալի Գիբերտը, որին հաջորդում է դերասան Մարիո Կասասը։ Ֆուտբոլիստ Ալան Ձագոևը իններորդ տեղում է։

«Կանանց» վարկանիշում են ընդգրկվել նաև հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան, դիետոլոգ Տատյանա Մալախովան, երգչուհի Քրիստինա Օրբակայտեն, հաղորդավարուհի Դունյա Սմիրնովան, մոդել Եվգենիա Ֆեոֆիլատկովան և դերասանուհի Տատյանա Վասիլևան։

Յանդեքսը ռուսական ամենամեծ ինտերնետային ընկերությունն է, որին են պատկանում համանուն որոնողական համակարգն ու մի շարք այլ ծառայություններ։-0-