USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում առավելագույն թվով «լայքեր» է հավաքել Facebook–ում. փորձագետ

20.02.2013, 18:05
Հայաստանի նախագահական ընտրությունների մասնակից Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաքել է առավելագույն թվով «լայքեր» Facebook–ում (Facebook fаns)` 15090, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում առավելագույն թվով «լայքեր» է հավաքել Facebook–ում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահական ընտրությունների մասնակից Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաքել է առավելագույն թվով «լայքեր» Facebook–ում (Facebook fаns)` 15090, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը։

«Մեր ուսումնասիրություններն անցկացվել են հունվարի 21–ից, երբ պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի նախընտրական քարոզարշավը, մինչև փետրվարի 16–ը։ Եվ այդ ժամանակահատվածում Րաֆֆի Հովհաննիսյանի էջի «լայքերի» թիվն աճել է 8134–ից մինչև 15090–ը»,– ասաց Բաղդասարյանը։

Ըստ նրա, կտրուկ աճը գրանցվել է ընտրարշավի վերջին շաբաթվա ընթացքում, երբ մեկ օրվա ընթացքում «լայքերի» թիվը կարող էր ավելանալ հազարով։

Հետազոտական կենտրոնի ղեկավարը նշեց, որ երկրորդ տեղում է Վարդան Սեդրակյանը, ում էջը հաավքել է 5324 «լայք»` արշավի սկզբում գրանցված 4702–ի դիմաց։

Բաղդասարյանը հայտնեց նաև, որ Հրանտ Բագրատյանը, ով նախագահական ընտրություններում զբաղեցրեց երրորդ տեղը, կրկնակի «լայքեր» հավաքեց` 1613–ից  մինչև 3228, իսկ հացադուլ անցկացրած Անդրիաս Ղուկասյանն իր ցուցանիշն ավելացրեց ընդամենը 46–ով` մինչև 2101։

Նա հայտնեց նաև, որ Facebook–ում էջ չունի միայն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով հաղթանակ տարավ ընտրություններում։

Հետազոտական կենտրոնի ղեկավարն ավելացրեց, որ փետրվարի 16–ին Հայաստանում Facebook օգտատերերի թիվը կազմել էր մոտ 250 հազարի։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861378 քվե։ Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.74 տոկոս (539 674 քվե)։ Երրորդ տեղում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` 2.15 տոկոս կամ 31643 քվե։ «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի օգտին քվեարկել է ընտրողների 1.23 տոկոսը կամ 18093 ընտրող։

Քաղաքագետ, «Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանը հավաքել է 0.57% (8328), էպոսագետ Վարդան Սեդրակյանը`0.42% (6203), իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանը` 0.24% (3516)։-0-