Օրենքով կարգելվի օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը. ԲՏԱ նախարար
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը, կարգելվի նաև օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ԲՏԱՆ կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքները՝ սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքերը։ Մասնավորապես, օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը», – նշել է Հայրապետյանը Facebook–յան իր էջում։
Նա նաև հայտնել է, որ փոփոխություններով նախատեսվում է սահմանել նաև նոր դրույթ, ըստ որի՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։
«Նախագծով հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել և խմբագրվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։ Լրացումներ և փոփոխություններ են կատարվել Տուգանքներին վերաբերող բաժնում, մասնավորապես, օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով», – նշել է նախարարը։
Հայրապետյանի խոսաքով, նոր հոդված է ավելացվել, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգը։
Առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կկատարելագործվեն տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները, կբարձրանա օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը։
«Նախագծի ընդունմամբ կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները և կապահովվի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտում գործող սուբյեկտների համար։ Կսահմանվեն հավասար մրցակցային պայմաններ՝ ապահովելով արդար մրցակցություն, բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումները և նվազեցնելով շուկայում անհավասար պայմանների առաջացման ռիսկերը։ Միաժամանակ, փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը՝ հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը։ Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն և վերահսկելիություն», – նշել է Հայրապետյանը։