Նշվել են բջջային սարքավորումների 3 նոր սպառնալիքները
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. McAfee–ի տեղեկատվական անվտանգության փորձագետների կանխատեսումների համաձայն` 2013թ.–ին բջջային սարքավորումների հետ կապված կիբերհանցագործության աճ է սպասվում։ Նորույթների շրջանում են հավելվածներ գնող վիրուսները, NFC–ի օգնությամբ գողությունը և փրկագնի նպատակով սարքերի արգելափակումը։
2013թ.–ին ցանցահենները կշարունակեն ինչպես բջջային սարքերի գրոհների առկա մեթոդների կիրառումը, այնպես էլ նորերի ստեղծումը։ 2012թ.–ի վերջին կիբերհանցագործությունների «գյուտերից» մեկը դարձավ փրկագին ստանալու նպատակով բջջային սարքերի արգելափակումը։ McAfee–ն ենթադրում է, որ 2013թ.–ին բջջային գողության նման միջոցն առավել ճանաչված կդառնա, հաղորդում է cnews.ru–ն։
Անվտանգության տեխնոլոգիաներն այդուհանդերձ քնած չեն։ Հարցն այն է, թե արդյո՞ք ընկերությունները կցանկանան դիմել իրենց օգնությանը։ «Կորպորատիվ հատվածում անվտանգության սպառնալիքների մեծամասնությանը հնարավոր է արդյունավետորեն հակազդել` օգտագործելով պաշտպանության հատուկ համակարգերը։ Դրանք և բջջային հարթակների հակավիրուսներն են, և հատուկ MDM լուծումները։
Այլ կերպ ասած` տեխնիկական լուծումն արդեն կա, իսկ դրանց մշակողներն ակտիվորեն գործում են շուկայում, մշտապես կատարելագործում են պաշտպանության միջոցներն ու ալգորիթմերը։ Սակայն դա միայն ձեռնարկություններում բջջային սարքերի կիրառման անվտանգության սկզբունքային հնարավորություն է ստեղծում։
«ՎիմպելԿոմ» ընկերության բիզնես հատվածի բջջային կապի պրոդուկտների դեպարտամենտի ղեկավար Եվգենիա Գրիգորևան համաձայն է, որ այս տարվա գլխավոր սպառնալիքը հենց աշխատակիցների կողմից բջջային սարքերի անվերահսկելի օգտագործումն է, այլ ոչ թե խարդախության կոնկրետ տեսակը։
2013թ.–ին վնասատու վարակիչ ծրագրային ապահովումը կյուրացնի բջջային շոփինգի տարածությունը։ McAfee–ի մասնագետները կանխատեսում են, որ մեծ տարածում կստանան այն ծրագրերը, որոնք բջջային հավելվածների խանութներում օգտատերի անունից գնումներ են իրականացնում։ Դրա հետ միաժամանակ վիրուսը հետագայում կտարածվի նույն հավելվածների օգնությամբ, այնպես որ ցանցահենները նույնիսկ այն տեղադրելու կարիք չեն ունենա առանձին սարքերում։ Ռիսկի կենթարկվեն նաև NFC տեխնոլոգիայի վճարումների գործողություն ունեցող բջջային սարքերի սեփականատերերը։ –0–