Wikipedia ինտերնետ–հանրագիտարանն անհասանելի է օգտագործողների համար
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Wikipedia աշխարհի խոշորագույն ինտերնետ–հանրագիտարանն օգտագործողների համար անհասանելի է երկուշաբթի օրվա ժամը 17։34–ից, ասվում է ռեսուրսի կառավարող Wikimedia Foundation կազմակերպության ներկայացուցիչների Twitter –հաղորդագրության մեջ։
«Մենք տեխնիկական որոշ խնդիրներ ունենք, բայց մեր ինժեներներն աշխատում են այդ ուղղությամբ։ Շուտով կվերադառնանք»,– իրենց հաղորդագրության մեջ գրել են ինտերնետ–հանրագիտարանի ներկայացուցիչները, գրում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
HostTracker մոնիթորինգային ծառայության վիճակագրության համաձայն, Wikipedia–ն անհասանելի է ողջ աշխարհում։
ՌԻԱ Նովոստիի թղթակցին 18։10–ին հաջողվել է բացել ինտերնետ–հանրագիտարանի որոշ էջեր, սակայն էջերի բեռնումը երկար ժամանակ է պահանջում, և դրանք սխալ են բացվում։
Բջջային սարքերով Wikipedia մտնելիս ռեսուրսի գլխավոր էջը նորմալ ռեժիմով է բացվում, սակայն հետագա աշխատանքի ժամանակ հաղորդագրություն է բացվում այն մասին, որ սխալ է տեղի ունեցել։
Սերվիսի աշխատանքում նմանատիպ խափանում էր տեղի ունեցել 2012 թվականի ապրիլին։ Ինչպես այն ժամանակ բացատրեցին Wikipedia–ի ներկայացուցիչները, աշխատանքային խափանման պատճառը սերվերների անկանխատեսելի անջատումն էր եղել։
Wikipedia–ն գործարկվել է 2001 թվականի սկզբին, այժմ այն աշխարհի ամենաճանաչված կայքերից է։ Վերլուծական comScore ընկերության վիճակագրության համաձայն, ռեսուրսի միայն անգլիալեզու բաժինն ունի օրական ավելի քան 25 միլիոն այցելու։ -0-