Showtime–ը նախատեսում է շարունակել «Դեքստերի արդարադատությունը» ֆրանշիզը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Showtime ամերիկյան հեռուստաալիքը նախատեսում է հետագայում զարգացնել «Դեքստերի արդարադատությունը» ֆրանշիզը, հաղորդում է Hollywood Reporter–ը։
Ինչպես նշում է ալիքի զվարճալի ծրագրերի բաժնի ղեկավար Դևիդ Նևինսը, այդ կերպարը շատ կարևոր է Showtime–ի համար։ Նա «Դեքստերի» նշանակությունը անգամ համեմատեց Sony ընկերության ստեղծած Սարդ մարդու և Warner Bros.–ի Բեթմենի ֆրանշիզների հետ։
Դեռ այս տարվա գարնանը Showtime–ը չբացառեց սփին–օֆֆի ստեղծման հնարավորությունը, որտեղ գլխավոր կերպարը կդառնա Դեքստերի քույրը` Դեբրա Մորգանը։ Սակայն դերասանուհու խոսքերով` նա այդ հերոսին խաղացել է սկզբից մինչև վերջ, և պատմության վերջաբանը «արդարացված է»։
Նևինսի խոսքերով`պարտադիր չէ, որ ֆրանշիզի շարունակությունը սփին–օֆֆի տեսք ունենա, կարելի է մեկ այլ յուրօրինակ գաղափար մշակել։ Սակայն նա որևէ կոնկրետ ծրագիր չներկայացրեց։
«Դեքստերի արդարադատությունը» սերիալի եզրափակիչ մասը ցուցադրվել է նախորդ կիրակի` սեպտեմբերի 22–ին։–0–