USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ-ի դպրոցներում ներդրված են արհեստական բանականության դասընթացները, գործում են պիլոտային կրթական ծրագրեր. ԿԳՄՍ նախարար

Երեկ, 22:46
   Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ դպրոցներում արդեն ներդրված են ԱԲ դասընթացների փորձնական ծրագրեր, «EducAItion 2026» համաժողովի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
ՀՀ-ի դպրոցներում ներդրված են արհեստական բանականության դասընթացները, գործում են պիլոտային կրթական ծրագրեր. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ դպրոցներում արդեն ներդրված են ԱԲ դասընթացների փորձնական ծրագրեր, Իսրայելում ընթացող «EducAItion 2026» համաժողովի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

 «ԱԲ-ի վերաբերյալ փորձնական դասընթացներն արդեն ներդրվել են կրթական գործընթացում», - հայտարարել է Անդրեասյանը՝ «EducAItion 2026» նախարարական համաժողովին, որը նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականության մշակմանը:

Նա առանձնացրել է ավագ դպրոցներում ԱԲ սերունդ կրթական ծրագիրը, STEP.AI-ը, ինչպես նաև «AI Generation» բազմաստիճան կրթական նախաձեռնությունը, որն ուղղված է ԱԲ ոլորտում մասնագետների պատրաստմանը՝ դպրոցից մինչև հետբուհական կրթություն։

Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս նախաձեռնություններն արդեն ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերի տասնյակ դպրոցներ. ծրագրում ներառված են հարյուրավոր ուսուցիչներ և ավելի քան 600 աշակերտներ։

Համագործակցություն ՏՏ ոլորտի հետ

Տարիների ընթացքում ծրագրերի մասնակիցները ոչ միայն ամրապնդել են իրենց մաթեմատիկական և ծրագրավորման հմտությունները, այլև ձեռք են բերել ԱԲ գրագիտություն, քննադատական մտածողություն, թիմային աշխատանք և նորարար խնդիրների լուծման կարողություններ։ Ներկայում ծրագրերը դեռևս փորձնական են, որոնք իրականացվում են պետության և առաջատար ՏՏ կազմակերպությունների սերտ համագործակցությամբ, ինչը վկայում է փոխադարձ վստահության մասին՝ ապահովելով սովորողներին վաղ փուլում ԱԲ գործիքներին ծանոթացնելու հանձնառությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

 Բարձրագույն կրթություն

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Հայաստանի համալսարանների կրթական ծրագրերն ուղղված են խորքային գիտելիքների տրամադրմանը արհեստական բանականության հետ առնչվող ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային տեխնոլոգիական միջոցառումներին, մասնավորապես՝ WCIT 2024-ին, որը երկրորդ անգամ անցկացվել է Հայաստանում՝ նպաստելով երկրի՝ որպես տեխնոլոգիական առաջատարի դիրքավորմանը:

Թումոն և գեներատիվ ԱԲ-ն

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը՝ գեներատիվ արհեստական բանականության կրթական ծրագրի գործարկման ուղղությամբ՝ նշելով, որ այն կնպաստի երիտասարդների շրջանում համապարփակ ԱԲ գրագիտության ձևավորմանը։

Տասնամյակի պլանները

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ մինչև տասնամյակի ավարտը Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ, իսկ կրթական համակարգի շրջանավարտները պետք է դառնան ոչ թե արհեստական բանականության սպառողներ, այլ դրա ստեղծողներ։