USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հետընտրական ժամանակահատվածում նկատելիորեն նվազել է հայկական քաղաքական ուժերի ակտիվությունը Facebook-ում

08.06.2012, 18:26
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո զգալիորեն նվազել է հայ քաղաքական գործիչների ակտիվությունը Facebook-ում, ուրբաթ հայտնեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:
Հետընտրական ժամանակահատվածում նկատելիորեն նվազել է հայկական քաղաքական ուժերի ակտիվությունը Facebook-ում
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո զգալիորեն նվազել է հայ քաղաքական գործիչների ակտիվությունը Facebook-ում, ուրբաթ հայտնեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

«Մենք հետազոտել ենք խորհրդարան անցած հայկական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ակտիվությունը մայիսի 7-ից 20-ն ընկած հետընտրական ժամանակահատվածում, և, պետք է նշեմ, որ նախկին աշխուժությունը չենք գրանցել այս կամ այն քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչների մոտ»,- ասաց Բաղդասարյանը:

Ըստ նրա, խորհրդարան են անցել Facebook-ում ամենաաննշան ակտիվություն ցուցաբերած թեկնածուները:

«Ամենաակտիվ քաղաքական գործիչը Facebook-ում դարձել է “Ժառանգություն” կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ով ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ընտրություններին վերաբերող ռեկորդային թվով նյութեր` 66»,- ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց նաև, որ ընկել է նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի էջի ակտիվությունը: Վերջինն իր էջում մայիսի 7-20-ը տեղադրել էր ընդամենը 13 նյութ ընտրության մասին:

Հետազոտության տվյալներով, Facebook-ում ամենապասիվ քաղաքական ուժն «Օրինաց երկիր» կուսակցությունն էր, որը նշված ժամանակահատվածում տեղադրել է ընտրական միայն մեկ նյութ:

«Բավականին ակտիվ են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, մասնավորապես, Վարդան Օսկանյանը: Միաժամանակ, չնայած կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական էջի հանրաճանաչությանը սոցցանցի օգտատերերի շրջանում, ընտրություններին վերաբերող նյութերի թիվը փոքր է»,- նշեց Բաղդասարյանը:

Facebook-ում նկատելիորեն նվազել է նաև «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրեսի, «Ազատ դեմոկրատների» և ՀՅԴ-ի ներկայացուցիչների աշխուժությունը:

«Հարկ է նշել, որ Facebook-ը քաղաքական ուժերի կողմից օգտագործվել է ավելի շատ որպես տեղեկատվության տարածման օպերատիվ աղբյուր, իսկ այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչների ակտիվությունը որևէ ազդեցություն չի ունեցել ընտրությունների ելքի վրա»,- կարծում է Կենտրոնի ղեկավարը:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին հաղթանակ է տարել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով քվեների 44,02%-ը: Միաժամանակ ԲՀԿ-ն ստացել է քվեների 30,12%-ը, «Ժառանգությունը»՝ 5,76%-ը, ՀՅԴ-ն՝ 5,67%-ը: «Օրինաց երկիր» կուսակցությանը ձայն է տվել ընտրողների 5,51% տոկոսը:--0-