USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Ucom ընկերությունը ձեռք կբերի iCON Communications հայկական պրովայդերի բաժնետոմսերի ողջ փաթեթը

04.10.2011, 19:34
iCON Communications հայկական պրովայդերի բաժնետոմսերն ամբողջությամբ կանցնեն UCom հեռահաղորդակցական ունիվերսալ ընկերությանը, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց UCom ընկերության տնօրեն Հայ Եսայանը:
Ucom ընկերությունը ձեռք կբերի iCON Communications հայկական պրովայդերի բաժնետոմսերի ողջ փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. iCON Communications հայկական պրովայդերի բաժնետոմսերն ամբողջությամբ կանցնեն UCom հեռահաղորդակցական ունիվերսալ ընկերությանը, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց UCom ընկերության տնօրեն Հայ Եսայանը:
Սա UCom-ի կողմից հայկական պրովայդերի արդեն երկրորդ գնումն է վերջին ամսվա ընթացքում: Սեպտեմբերի սկզբին ընկերությունը հայտարարել է Netsys ինտերնետ պրովայդերի հետ միաձուլման մասին` չհրապարակելով գործարքի մանրամասները:  Պայմանագրի համաձայն, 100 տոկոս բաժնետոմսերը դարձել են Ucom-ի սեփականությունը:

«iCON ընկերությունը WiMAX տեխնոլոգիայի հիման վրա անլար կապի տրամադրման ոլորտի առաջատարներից է, ինչը թույլ կտա մեր հաճախորդներին ինչպես լարային, այնպես էլ անլար ինտերնետ կապի, ինչպես նաև ֆիքսված և  IP-հեռախոսակապի համալիր ծառայություններ տրամադրել»,- ասաց Եսայանը:

Նա նշեց, որ ընկերությունն արդեն դիմել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով iCON-ի բաժնետոմսերի փոխանցումը ձևակերպելու համար` չհստակեցնելով գործարքի գումարները դրա գաղտնիության կապակցությամբ:

Եսայանի խոսքով, երկու ընկերությունների միաձուլումը բաժանորդներին թույլ կտա արդեն հիմա օգտվել կապի ցանկացած տեսակից, ելնելով սեփական նախասիրություններից, իսկ մեկ ամսվա ընթացքում ընկերությունը կներկայացնի նաև փաթեթային առաջարկներ, որոնք կընդգրկեն հնարավոր բոլոր ծառայությունները, այդ թվում` անլար:

«Կարծում եմ, որ համալիր ծառայությունները հետաքրքիր կլինեն մեր բաժանորդներին, քանի որ արդեն մեր հաճախորդների մոտ 20 տոկոսը համաձայն է Ինտերնետ միացնել WiMAX տեխնոլոգիայով»,- ասաց Եսայանը:

Նա հայտնեց, որ ընկերության գնման մասին բանակցությունները վաղուց էին տարվում, սակայն գործարքը վերջնական ձևակերպում է ստանում միայն հիմա: Եսայանը չբացառեց տեղական ևս մեկ պրովայդերի ձեռքբերման առաջարկի հնարավորությունը, եթե այն գրավիչ լինի:

iCON Communications ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն իր հերթին նշեց, որ WiMAX-ցանցի ծածկույթը Երևանում այսօր կազմում է 75 տոկոս, իսկ հաշվի առնելով կորպորատիվ հաճախորդների առանձին ծառայությունները, ապահովում է մայրաքաղաքի գրեթե լրիվ ծածկույթ:

«Երեք տարի առաջ մենք մտել են հայկական շուկա WiMAX-ցանցի առաջխաղացման հեղափոխական առաջարկով, իսկ այժմ հերթական հեղափոխական քայլն ենք կատարում բարձր արագության Ինտերնետ կապին միանալու համար, ինչից շահում են բոլոր բաժանորդները»,- ասաց Քասարջյանը:

Ընկերությունն ունի 4 հազար գործող բաժանորդ:

Ucom ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և իրենից ներկայացնում է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություն: Համագործակցելով շվեդական Ericsson ընկերության հետ` Ucom ՍՊԸ-ն կառուցել է լայնաշերտ հասանելիության ցանց` հիմնված FTTH (fiber to the home – օպտիկական մալուխ մինչև բնակարան) տեխնոլոգիայի վրա, որը տրամադրում է գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և քաղաքային ֆիքսված հեռախոսակապ:

iCON Communications-ը լայնաշերտ ինտերնետ ծառայության մատակարար է Հայաստանում: Գրանցվելով 2007թ.-ի վերջերին` iCON-ը մեկնարկել է իր բարձր որակի ինտերնետ ծառայության մատուցումը 2009թ. մարտին: iCON-ի ցանցը ծածկում է Երևանի հետևյալ թաղամասերը` Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Վահակնի թաղամաս, Քասախ գյուղ, Զեյթուն, Կայարան, Նոր Նորքի 2-8 զանգվածներ, Ավան և 3րդ Մաս: iCON-ը շարունակում է ընդլայնել իր ցանցը դեպի Երևանի մնացած թաղամասերը և Հայաստանի շրջաններ:--0-