«ԱրմենՏել» ընկերության Hi-Line ծառայությունը հասանելի է 47 բնակավայրերում
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին՝ Hi-Line-ին միանալու հնարավորություն ունեցող բնակավայրերի թիվը հասցնելով 47-ի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերություն մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ ծառայությունն այսուհետ հասանելի կլինի նաև Արարատում, Բյուրականում, Վեդիում, Զվարթնոցում, Մասիսում, Սիսիանում և Տաթևում:
«Hi-Line ծառայության աշխարհագրության շարունակական ընդլայնումը պայմանավորված է շրջանների բնակիչներին որակյալ և մատչելի ինտերնետ-հասանելիությամբ ապահովելու «ԱրմենՏել» ընկերության ձգտումով: Մենք չենք սահմանափակվում միայն նոր քաղաքներում ծառայություն տրամադրելով, այլև առաջարկում ենք մատչելի սակագներ, անվճար միացում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով համակարգիչներ ձեռք բերելու հնարավորություն», - մեջբերեցին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերը ընկերության մամուլի ծառայությունից:
2011թ-ի ապրիլի սկզբին «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկել է Hi-Line ծառայության նոր սակագնային փաթեթներ՝ «Մեգա 256» և «Մեգա 512»` համապատասխանաբար 4500 և 6000 դրամ ամսական վճարով: Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը և Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը:
Բացի այդ, կախված ընտրված սակագնային պլանից՝ հաճախորդին տրվում է հնարավորություն ստանալու 25 տոկոս զեղչ` նեթբուք կամ նոթբուք ձեռք բերելիս:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ: (1 դոլարը 375,82 դրամ է)-0-