USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

«ԱրմենՏելը» Հայաստանում լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքի ընդլայնման պայմանագիր է ստորագրել Ericsson-ի հետ

12.10.2010, 20:08
Հայաստանում ֆիքսված և բջջային կապի առաջատար օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը պայմանագիր է կնքել Ericsson ընկերության հետ՝ լայնաշերտ ինտերնետ ծառայությունների ենթակառուցվածքի ընդլայնման նպատակով:
«ԱրմենՏելը» Հայաստանում լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքի ընդլայնման պայմանագիր է ստորագրել Ericsson-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիքսված և բջջային կապի առաջատար օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը պայմանագիր է կնքել Ericsson ընկերության հետ՝ լայնաշերտ ինտերնետ ծառայությունների ենթակառուցվածքի ընդլայնման նպատակով, ասվում է ընկերությունների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

Պայմանագրի պայմանների համաձայն, Ericsson-ը լուծումներ կմատակարարի՝ լայնաշերտ ինտերնետ հասանելիության հիման վրա կոնվերգենտ ծառայությունների ներդրման համար:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, այսօր Հայաստանում լայնաշերտ ինտերնետ-ծառայությունների ներթափանցումը (ԼՇՀ) գնահատվում է 25%, միաժամանակ ամեն ամիս ԼՇՀ-ին է միացվում ավելի քան 10 հազար ընտանիք և տնտեսվարող սուբյեկտ:
«ԱրմենՏել» ընկերությունն, ակտիվորեն մասնակցելով շուկայի զարգացմանը, ավելի քան 50 հազար ընտանիքի ապահովում է արագ ինտերնետ ծառայությունով:

«Ցանցի ընդլայնումը հնարավորություն կտա ապահովել դինամիկ աճի տեմպերը և ինտերնետ հասանելիության ծառայությունն առաջարկել ավելի մեծ թվով բաժանորդների: Ընկերությունը լայնաշերտ ինտերնետի ցանցերի ներդրումը լարային կապի ծառայությունների շուկայի զարգացման առաջնահերթությունների թվին է դասում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ericsson-ի (MSAN EDA 2530) DSLAM լուծման հիման վրա ցանցային ենթակառուցվածքի ընդլայնման շնորհիվ՝ Հայաստանի բնակիչները կարող են լիարժեք կերպով զգալ բարձր արագություն ունեցող ինտերնետի առավելությունները և օգտվել ցանցում տեղեկատվական, զվարճալի կամ կրթական ծառայությունների լայն ընտրանուց: Տվյալների ներբեռնման արագությունը կարող է հասնել վայրկյանում 20-30 Մբիթ-ի, ինչը թույլ կտա արագ և հարմարավետ օգտվել համացանցից:

Ericsson-ից ցանցում գոյություն ունեցող IMS լուծման հիման վրա ընկերությունը կարող է բաժանորդներին առաջարկել կոնվերգենտային ծառայություններ՝ միավորելով դրանք  ամրակցված և բջջային կապի ծառայությունների գրավիչ սակագնային փաթեթներում:

«Մենք հպարտ ենք «ԱրմենՏել» ընկերության հետ մեր համագործակցության արդյունքներով, որը ընտրել է Ericsson սարքավորումները՝ լայնաշերտ ինտերնետի զարգացմանն ուղղված իր ծրագրերն իրագործելու նպատակով: Կենտրոնական Ասիայի զարգացող երկրների օպերատորների հետ երկարատև ու փոխշահավետ համագործակցությունը Ericsson ընկերության համար հիմնարար առաջնություններից է»,- ասել է Հյուսիսային Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Ericsson ընկերության գործադիր տնօրեն Պիտեր Զեխենտերը:

«Մեր ընկերությունը, արդեն քանի տարի հանդիսանալով բիզնեսի և բնակչության համար կապի ժամանակակից ծառայությունների մատակարար, հեռահաղորդակցության ոլորտում պահպանում է առաջատարի իր դիրքերը: Լայնաշերտ ինտերնետ հասանելիությունն ու կապի կոնվերգենտ ծառայությունները վերջին տարիների ընթացքում դարձել են ժամանակակից հասարակության անբաժանելի մասը, և մենք ուրախ ենք նշել, որ Ericsson-ի հետ մեր համագործակցությունը դարձել է  Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման օրինակ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել» ընկերության լայնաշերտ ինտերնետի ծառայությունների բաժանորդների թիվը, 2010 թ.-ի առաջին կիսամյակում, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,5 անգամ և կազմել է 49,7 հազար բաժանորդ:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0- Ա.Թ.