ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԻՏԱԼԱԿԱՆ ԵՎ ՉԵԽԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈԻԹՅԱՄԲ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մասին պատմող «Հայաստան՝ Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը կցուցադրվի իտալական և չեխական հեռուստատեսությամբ, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածաշրջանային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Ըստ նրա` ֆիլմն արդեն ցուցադրվել է Իսպանիայում և Սկանդինավյան երկրներում, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական երկրներում։
«Ֆիլմի ցուցադրման լիցենզիաներն արդեն գնել են իտալական պետական RAI հեռուստաալիքը և Չեխիայի հանրային հեռուստաընկերությունը»,- ասաց Ապրեսյանն` ընդգծելով, որ նման ֆիլմերի հեռարձակումն օգնում է ճանաչողական աշխատանքների անցկացման գործում երկիրը ներկայացնելու և զբոսաշրջիկներ ներգրավելու առումով:
Միաժամանակ նա նշեց, որ 2009 թվականին Լեհաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները նկարահանել են Հայաստանում անհրաժեշտ նյութը «Մակլովիչի ճամփորդությունները» հաղորդման համար։
Ըստ նրա՝ լեհական հեռուստատեսությունը Հայաստանի պատմության, աշխարհագրության, խոհանոցի և ավանդույթների մասին չորս կարճ ֆիլմ է նկարահանել, որոնք արդեն ներկայացվել են 2009 թվականի վերջին։
«Հայաստան՝ Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը նկարահանվել է իսպանական «Տրանսգլոբ» և «Բազզբիզնես» ընկերություների կողմից՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ -0-