ՏՄՊՊՀ-ի դեմ «Արմենտելի» հայցի վերաբերյալ դատական նիստը կկայանա նոյեմբերի 12-ին
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեմ «Արմենտելի» հայցադիմումի վերաբերյալ դատական նիստը կկայանա նոյեմբերի 12-ին։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ( ապրանքանիշը՝ Beeline) հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը։
Հուլիսի 30-ին ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել պատասխանատվության միջոցներ կիրառել «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ՝ «Վեբ» ԲԲԸ, «Արմինկո» ԲԲԸ, «Կրոսնետ» ԲԲԸ ինտերնետ-փրովայդերների բողոքի հիման վրա։ Մրցակիցների կարծիքով, «ԱրմենՏելը» չարաշահել է հեռահաղորդակցության շուկայում ունեցած իր գերիշխող դիրքը՝ փրովայդերներին հնարավորություն չտալով օգտագործել ընկերության սեփականություն համարվող բաժանորդագծերը։
ՏՄՊՊՀ-ի որոշումով՝ «ԱրմենՏելը» տուգանվել է 300 մլն դրամի չափով և պարտավորվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեղաբաշխող ցանցը (ֆիքսված հեռախոսացանցի այն ենթակառուցվածքը, որը ընկերությունն օգտագործում է Hi-Line ծառայությունը տրամադրելու համար) այլ տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում նաև ինտերնետ-փրովայդերներին վարձակալությամբ տրամադրելու խնդիրը լուծելու համար:
«Դատական նիստը պետք է կայանար նախօրեին, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվել է մինչև նոյեմբերի 12-ը», - ասել է Բեգլոյանը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կարծիքով, Հանձնաժողովը խախտել է տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության հիմնական սկզբունքներից մեկը՝ ծառայությունների փոխադարձ փոխարինման սկզբունքը։
Միաժամանակ, ինչպես կարծում են ընկերությունում, ՏՄՊՊՀ-ն հեռախոսացանցի գծերի վարձակալության շուկայում գերակա դիրք ունեցող ընկերության կարգավիճակը տարածել է ինտերնետ-ծառայություններ տրամադրող շուկայում՝ սխալ մեկնաբանելով «վարձակալած գծերի ծառայություններ» հասկացությունը։
Ինչպես նշեցին «ԱրմենՏելում», ADSL տեխնոլոգիայի օգտագործմամբ Ինտերնետ ցանցի լայնաշերտ հասանելիության ծառայության տրամադրման առանձնահատկության վերաբերյալ Հանձնաժողովի միակ փաստարկն այն է, որ ի տարբերություն Ինտերնետ լայնաշերտ հասանելիության տրամադրման այլ մեթոդների՝ Hi-Line ծառայությունը հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել և ինտերնետից, և հեռախոսակապից, իսկ հետագայում առաջարկվող փաթեթը կարող է ընդլայնվել և ներառել նաև այլ ծառայություններ, մասնավորապես, մալուխային հեռուստատեսություն, video on demand և այլն։
Ինչպես նշում են «ԱրմենՏելում», Hi-Line ծառայության տրամադրումը ոչ մի կերպ չի խանգարում այդ փրովայդերներին արդիականացնել և զարգացնել իրենց ցանցերը, ինչը Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն գերիշխող դիրքի չարաշահում է։
Ավելին, ընկերությունում կարծում են, որ «Արմինկո» ԲԲԸ և «ADC» ԲԲԸ ընկերությունների կողմից շահագործվող օպտիկամանրաթելային ցանցերը և դրանց միջոցով տրամադրվող Ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայությունները իրենց տեխնիկական և սպառողական բնորոշումներով զգալիորեն գերազանցում են Hi-Line ծառայության ցուցանիշները։
Միաժամանակ «ԱրմենՏելում» կարծում են, որ ՏՄՊՊՀ-ն ամբողջովին անտեսել է այլ տեխնոլոգիաների միջոցով (Wi Fi, Wi Max, մալուխային Ինտերնետ) Ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայությունների շուկան։
«Հանձնաժողովը նաև խախտումներ է նկատել Hi-Line ծառայության վերավաճառքը թույլատրելու՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մերժման մեջ, սակայն անտեսվել է, որ ընկերությունը գերիշխող չի համարվել այդ շուկայում և գրավոր իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորություն ընձեռել այլ օպերատորներին և փրովայդերներին Hi-Line ծառայությունը վաճառելու համար՝ գործակալման պայմանագրի հիման վրա, որից մինչ օրս փրովայդերներից ոչ մեկ դեռ չի օգտվել», - նշում են ընկերությունում։
Ինչպես նշում են ընկերությունում, այսպիսով որևէ ապացույց չի բերվել, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործողությունների արդյունքում այլ ընկերությունների համար շուկա դուրս գալու խոչընդոտներ են ստեղծվել։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ) ծառայություններ։ ($1 – 304,77 դրամ):-0-