Թրամփը հայտնել է Stargate ընկերության ստեղծման մասին․ կներդրվի 500մլրդ դոլար արհեստական բանականության զարգացման մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Stargate ընկերության ստեղծման մասին, որը 500 միլիարդ դոլար կներդնի արհեստական բանականության զարգացման մեջ, գրում է Коммерсант-ը՝ հղում անելով Bloomberg-ին։ Stargate-ը կլինի OpenAI-ի, SoftBank-ի և Oracle-ի համատեղ ձեռնարկությունը: Թրամփը խոստացել է օգնել նախագծին արտակարգ հրամաններով։
Oracle-ի նախագահ Լարի Էլիսոնն ասել է, որ նախաձեռնության շրջանակում Տեխասում արդեն կառուցվում են տվյալների կենտրոններ, և կան պլաններ դրանք կառուցել այլ նահանգներում: Ճապոնական SoftBank-ի ղեկավար Մասայեսի Սոն հայտարարել է արհեստական բանականության զարգացման մեջ 100 միլիարդ դոլարի «անհապաղ ներդրում» կատարելու մասին:
Թրամփի այն հարցին, թե ինչպես AI-ն կօգնի պայքարել հիվանդությունների դեմ, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը պատասխանել է. «Վստահեցնում են, որ այս տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց մենք կտեսնենք, թե ինչպես են հիվանդությունները բուժվելու աննախադեպ արագությամբ»։
Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Թրամփը նշել է, որ Stargate նախագիծը լրացում է SoftBank-ին տված խոստմանը, որը վերաբերում է 100-200 միլիարդ դոլար արհեստական բանականության մեջ ներդնելուն։ Նախօրեին CBS News հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ սկզբնական շրջանում Stargate–ի շրջանակում 100 մլրդ դոլար կներդրվի արհեստական բանականության մեջ, իսկ 500 մլրդ դոլար կներդրվի առաջիկա չորս տարիների ընթացքում։