OpenAI–ը գործարկել է ChatGPT թարգմանիչ՝ ChatGPT Translate․ այն դեռ անվճար է
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ OpenAI-ը գործարկել է ChatGPT Translate-ը, որի բետա-տարբերակն անվճար աշխատում է արհեստական բանականության մոդելների հիման վրա, գրում է Android Authority պարբերականը, որն ուշադրություն է դարձրել նոր ծառայության թողարկմանը:
OpenAI-ի կողմից պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, սակայն ChatGPT Translate-ն արդեն հասանելի է օգտատերերին առանձին կայքում, հայտնում է Forbes.ru-ն: Ծառայությունն աշխատում է ավելի քան 50 լեզուներով, այդ թվում՝ ռուսերենին: Ընկերությունը ծրագրում է ավելացնել նաև պատկերների թարգմանության հնարավորություն: Ձայնային ներմուծումն առայժմ հասանելի է միայն կայքի բջջային տարբերակի միկրոֆոնի միջոցով: Նաև բացակայում է փաստաթղթեր վերբեռնելու հնարավորությունը, չկան ձեռագիր ներմուծման և իրական ժամանակում զրույցների գործառույթները, որոնք առկա են Google Translate-ում:
ChatGPT Translate-ի հիմնական տարբերությունը Google Translate–ից թարգմանության ոճը փոփոխելու տարբերակների առկայությունն է: ChatGPT Translate-ում կարելի է պահանջել թարգմանություն գործնական ոճով, ադապտացնել այն ակադեմիական լսարանի համար կամ պարզեցնել երեխայի համար, գրում է Android Authority-ն:
2025 թվականի վերջին OpenAI-ը ներկայացրեց արհեստական բանականության նոր՝ GPT-5.2 մոդելը: Ընկերությունում պարզաբանել են, որ այն ավելի լավ է կատարում էլեկտրոնային աղյուսակների և պրեզենտացիաների ստեղծման, ինչպես նաև պատկերների մշակման և կոդ գրելու առաջադրանքները: