ՀՀ-ում կներդրվի էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Ներդնում ենք էլեկտրոնային ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ, և եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի, և ծանուցումը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից՝ անձը համարվելու է պատշաճ ծանուցված: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
«Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով: Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում, և եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված: Անձը կարող է տրամադրել իր հավելյալ կապի միջոցները՝ անձնական էլեկտոնային կոդ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ հարթակում ծանուցում է տեղադրվել»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո երեք օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, ապա հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակն ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով:
«Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցվողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին ու փոստային ծրարավորվում և ուղարկում է անձի հաշվառման հասցեով»,-մանրամասնել է նախարարը։
Նախարարը պարզաբանել է տարբերակի առավելությունը։
«Այս տարբերակը թողել ենք, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափենք, այսինքն՝ այն դեպքերի համար, երբ անձը չբացի և չծանոթանա ծանուցմանը, ապա ծանուցումը նրան ուղարկվի նաև փոստային առաքանու միջոցով: Եթե այս եղանակով ուղարկելուց հետո 7-րդ օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է azdarar.am հարթակում, այսինքն՝ իրականացվում է հրապարակային ծանուցում, և azdarar.am-ում տեղադրվելուց հետո՝ 7-րդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված»,- ասել է նա:
Նորամուծություն է նաև այն, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից բացի՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ևս հնարավոություն է տրվելու միանալ այս հարթակներին և այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը ևս կհամարվի պատշաճ ծանուցում։