USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից դուսբերման փուլ (ՖՈՏՈ)

09.11.2025, 10:40
     Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր՝ վերահսկվող ուղեծրից բնականոն դուրսբերման փուլ. ՖՈՏՈ
Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից դուսբերման  փուլ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/ԱՌԿԱ/.   Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր՝ վերահսկվող ուղեծրից բնականոն դուրսբերման փուլ, որը նշանավորում է տվյալ արբանյակային ծրագրի ավարտը։ Այս մասին հայտարարել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով, ՀՀ կառավարության կողմից «Արմսաթ-1»-ի արձակման որոշումը համարձակ և կարևոր քայլ էր, որն օգնեց Հայաստանին մուտք գործել տիեզերական դարաշրջան՝ ցույց տալով տիեզերական տեխնոլոգիաների ռազմավարական դերի կարևորությունն այսօրվա աշխարհում և Հայաստանի մտադրությունը՝ լինելու վաղվա տիեզերական տնտեսության մի մասը։

«Երեքուկես տարիների ընթացքում «Արմսաթ-1» արբանյակի միջոցով ստացվել են Հայաստանի տարածաշրջանային բազմաթիվ տիեզերանկարներ՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել ինչպես գիտական, այնպես էլ համակարգային նշանակությամբ»,- նշել է Հայրապետյանը՝ հավելեով, որ «Արմսաթ-1» արբանյակի առաքելության առանցքային հաջորդ ձեռքբերումն այն է, որ այս ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվել վերապատրաստել մասնագետների և ձևավորել մասնագիտական խմբի այնպիսի կարողություններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել հաջորդող ծրագրերի նախագծումը, իրականացումը, արբանյակի կառավարումը, տվյալների ստացումն ու մշակումը:

« «Արմսաթ-1»-ի առաքելության ընթացքում ստացված փորձը և ձեռք բերված տվյալներն արդեն իսկ օգտագործվում են նոր սերնդի երկրադիտարկման և հաղորդակցության արբանյակների նախագծման աշխատանքներում։ Զուգահեռաբար, սահմանվել են նոր՝ «Արմսաթ-2» արբանյակի տեխնիկական և տեխնոլոգիական պահանջները, և ակտիվ համագործակցություն է իրականացվում ճանաչված միջազգային կազմակերպությունների հետ՝ «Արմսաթ-2»-ի հանձնառությունը կյանքի կոչելու համար»,-գրել է նախարարը։