Երևանում կանցկացվի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումը
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Երևանում մարտի 23–27-ը կանցկացվի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը և Օպերատորների միության գործադիր տնօրեն Քրիստինե Գյոնջյանը ներկայացրել են միջոցառման մանրամասները։
«Սա պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակությունն է, հերթական լավ օրինակն է, որն իր մեջ միավորում է սեփական և պետական մասնակիցների աշխատանքը, որի արդյունքում կարող է լինել շատ լավ ոլորտային գործընթաց», - ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ միջոցառումը հնարավորություն է տալիս ԲՏԱ նախարարությանը՝ որպես քաղաքականություն մշակող մարմին, ուղղակի երկխոսություն ունենալ սեփական սեկտորի հետ։
Ըստ Սարգսյանի՝ «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» հիմնական հանդիպումները և աշխատանքները կօգնեն ունենալ նոր կազմակերպություններ և ստեղծել խնդիրների լուծման նոր հարթակ։
Գյոնջյանն էլ նշեց, որ միջոցառումը համախմբելու է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմիններին, միջազգային և տեղական տեխնոլոգիական ընկերություններին, ինչպես նաև ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին։
Նա հայտնեց, որ մարտի 23-ին կկայանա պաշտոնական բացման միջոցառումը, մարտի 24-ին՝ Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողովը, որը նվիրված կլինի ԱԲ-ին, մարտի 25-ին՝ ՏՀՏ կարգավորման հարցերին նվիրված սեմինար, ինչպես նաև կլոր սեղան- քննարկում՝ նվիրված տեսալսողական մեդիայի արդի զարգացումներին և մարտահրավերներին։
Մարտի 26-ը նվիրված կլինի այցելությանը և ծանոթությանը հեռահաղորդակցության ենթակառուցվածքներին, կլինեն այցելություններ պետական և մասնավոր կազմակերպություններ, իսկ մարտի 27-ն ամբողջությամբ կհայտարարվի ակադեմիական օր։